Ի ԴԷՊ

Երկու լուր, մէկ գլխաւոր մտահոգութիւն
Երկու լուր, մէկ օրում: Մի կողմից՝ ՀՀ կառավարութեան որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զրկւում է պետութեան եւ համայնքների հողերը անհատոյց օգտագործելու իրաւունքից։ Միւս կողմից՝ թուրքական աղբիւրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետը, իբր, համաձայնել է Թուրքիային 99 տարով անվարձահատոյց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների «բացառիկ իրաւունքները»։
Թէեւ երկրորդ տեղեկութիւնը դեռեւս պաշտօնապէս չի հաստատւել, այնուամենայնիւ նման լուրերի ի յայտ գալն ինքնին վկայում է մտահոգիչ եւ վտանգաւոր մի տրամաբանութեան մասին. երկրի ներսում՝ ազգային-հոգեւոր ինստիտուտների նկատմամբ ճնշումների սաստկացում, արտաքին հարթակում՝ դժւար ընկալելի զիջումների պատրաստակամութիւն։
Այստեղ արդէն խօսքը պարզապէս առանձին քաղաքական որոշումների մասին չէ, այլ՝ արժէքային հայեցակարգի, էութեան եւ նկարագրի։ Երբ գործող իշխանութիւնը պատրաստակամ է վճռականօրէն սահմանափակել ազգային ինստիտուտների իրաւունքները, սակայն նոյն վճռականութիւնը չի ցուցաբերում ռազմավարական նշանակութեան ազգային շահի պաշտպանութեան հարցում: Հայ հասարակութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում ունի լիարժէք իրաւունք բարձրաձայնելու հիմնարար մի հարց. ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ գործող իշխանութիւնը եւ ո՞ւմ հաշւին են իրականացւում արտաքին քաղաքականութեան ոլորտում այսպէս կոչւած «համարձակ» քայլերը, որոնցով, ի դէպ, գլուխ գովելու սովորութիւն ունեն ՔՊ-ական իշխանութեան տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչները։
Եթէ սա է նոր ձեւաւորւող «պետական մտածողութիւնը», որի մասին տարբեր առիթներով խօսում է Փաշինեանը, ապա խնդիրը վաղուց անցել է կոնկրետ որոշումների շրջանակը եւ դարձել դրանց ընդհանուր ուղղութեան հարց, որտեղ ազգային շահը վաղուց յետին պլան է մղւած, կամ, ընդհանրապէս՝ անտեսւած:
Չգիտեմ ինչու, բայց ակամայից յիշեցի հանգուցեալ տատիկիս թեւաւոր խօսքը. «Դրսում քահանայ, տնում սատանայ»:
ԽՄԲ.



