Վարդան Ոսկանեան. «Ցանկացած իսլամական երկիր Բաքւին աջակցելիս պէտք է նկատի ունենայ, որ օժանդակում է Գազայի կոտորածին»
«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պաղեստինի պետութիւնը ճանաչելու վերաբերեալ Հայաստանի որոշմանը.
«Հայաստանն այլեւս ճանաչում է Պաղեստինի պետութիւնը, իսկ Բաքւի բարբարոսական վարչախումբն Արցախի հայութեան նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնոյթի էթնիկ զտումից յետոյ էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչութեան նկատմամբ անմարդկային գործողութիւններով աչքի ընկած Նեթանիահուի վարչախմբին։
Սա է այն ճշմարտութիւնը, որը պէտք է իմանայ իսլամական եւ արաբական աշխարհը պարբերաբար իսլամի եւ իսլամական համերաշխութեան մասին ճամարտակող Բաքւի երեսպաշտ վարչախմբի իրական բնոյթի մասին։
Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ եւ յատկապէս Պակիստանը, Բաքւի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պէտք է նկատի ունենայ, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դէմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետութիւն ունենալու բնական իրաւունքը»,- գրել է նա: