Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը նման յայտարարութիւններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարւածելու համար

«ԱԼԻՔ» – «Առաւօտ»-ը զրուցել  է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Պարոն Խաչատրեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ «Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», բայց միւս կողմից 44-օրեայ պատերազմի դրւագներով քրէական գործեր են յարուցւում բարձրաստիճան զինւորականների նկատմամբ։ Մասնաւորապէս, կալանքի տակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայէլ Արզումանեանը, կալանաւորւեց ԶՈւ Գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրեանը, ում Հայաստանի ազգային հերոսի կոչում էր շնորհւել։ Ինչպէ՞ս էք գնահատում այս գործընթացները։

– Փաշինեանը պատրաստ կը լինի ճանաչել ցանկացած բան կամ պաշտել ցանկացած սատանայի, որպէսզի պահի իր աթոռը։ Հիմա ինքը հասկանում է, որ իր կառավարութեան գոյութիւնը կախւած է բացառապէս Ալիեւի բարեհաճութիւնից։ Որպէսզի մերկապարանոց չհնչի, հիմնաւորեմ․ ինքը 2021 թւականից յետոյ խօսում է այն մասին, որ «խաղաղութիւն է բերելու»։ Եւ ինքը պատրաստ է ցանկացած զիջման գնալ, որպէսզի ստանայ մի թղթի կտոր, որի վրայ գրւած կը լինի «խաղաղութիւն» բառը, անկախ նրանից, որ դա կը լինի նւաստացուցիչ կապիտուլեացիա։ Դրա համար ինքը պատրաստ է Ալիեւին ցանկացած զիջում անել։ Այսինքն՝ Փաշինեանի խօսքերի ու գործերի մէջ սկզբունքայնութիւն գտնելն աւելի դժւար է, քան դէզի մէջ ասեղ գտնելը։ Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրեանի եւ միւս զինւորականների նկատմամբ յարուցւած քրէական գործերին, երբ երկու օր առաջ առաւօտեան Փաշինեանը սկսեց փիլիսոփայել հերոսութեան մասին, ակնյայտ էր, որ դա ինքը անում է գիտակցաբար եւ փորձ է անում վարկաբեկել մեր հերոսութիւնը։ Այդ փորձերն ինքն էլի է արել, օրինակ, Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին համեմատել է կենցաղային հարկատուների հետ։ Եւ հիմա պարզ է, որ իր սլաքը պէտք է ուղղեր հերոսական անցեալ ունեցող, հերոսական կեանքով ապրող գեներալ Տիրան Խաչատրեանի դէմ։ Երբ ասում ենք՝ լաւ, դու Տիրան Խաչատրեանին հերոսի կոչում ես շնորհել մի բանի համար, որի համար այսօր մեղադրում ես, ինքը առիթ է ստեղծում, որ այդ հարցը տրւի, որպէսզի ասի՝ ես ի՞նչ անեմ, զինւորականներն ինձ խաբեցին։ Սա է՝ մի կողմից վարկաբեկել հերոսութիւնը, զինւորականութիւնը, վարկաբեկել հայրենիքին ծառայութիւն, միւս կողմից, բոլորին մեղաւոր կարգել, իրեն անմեղ համարել։

Այսինքն՝ Փաշինեանը սրանով նաեւ ֆոն է ստեղծում, որ պատերազմի, պարտութեան, մնացած զիջումների համար մեղաւոր են բոլորը, բացի իրենի՞ց։

– Իհարկէ։ Այսինքն՝ երկրի գերագոյն գլխաւոր հրամանատարն ասում է՝ ես ի՞նչ անեմ, մեղք չունեմ, ինձ խաբել են։ Եթէ քեզ խաբել են, եթէ դու սխալւել էիր, եթէ մոլորւել էիր, եթէ չէիր հասկացել, ուրեմն այն մարդը, որն այդքան հեշտ խաբւում է, սխալւում է, այդքան հեշտ մոլորւում է, չէր հասկանում ու հիմա էլ չի հասկանում, ինքը ռիսկ է երկրի համար։ Եւ այդպիսի մարդը իրաւունք չունի լինել երկրի գլխին, իրաւունք չունի ղեկավարել երկիրը, այն էլ այս խառը ու դժնդակ պայմաններում։ Ես նկատի ունեմ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային անորոշութիւնները։

Ադրբեջանի ՊՆն հերթական ապատեղեկատւութիւնն է տարածել, թէ հայկական ԶՈւն իբր «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղութեամբ։ Այսինքն՝ լարւածութիւնը պահպանւո՞ւմ է, չնայած Փաշինեանը հասարակութեանը հաւատացնում էր, թէ հնարաւոր է Ադրբեջանի հետ խաղաղութիւն ունենալ։

– Ադրբեջանը նման յայտարարութիւններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարւածելու համար։ Սկզբում Փաշինեանն ասում էր՝ «խաղաղութեան պայմանագրի» նախագծում 16 կէտ կայ, 80 տոկոսը համաձայնեցրել ենք եւ այլն։ Հիմա Ադրբեջանը դարձրեց 17 կէտ, մենք զգուշացնում էինք՝ ինչքան զիջես, այնքան լրացուցիչ կէտեր կաւելանան։ Դրանից բացի, երկու նախապայման է առաջ քաշել Ադրբեջանը, որոնք ես կասկածում եմ, որ կը դառնան այդ խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթի կէտերից մէկը։ Օրինակ՝ համագործակցութիւն Ադրբեջանի դատախազութեան հետ։ Իրենք ասելու են՝ «յանցագործ» եղել են ոչ միայն գեներալներ Դաւիթ Մանուկեանն ու Լեւոն Մնացականեանը, այլ իրենց յանցակիցները հիմա Երեւանում են։ Եւ Ադրբեջանը Հայաստանից պահանջելու է արտայանձնել այն մարդկանց, ում Ալիեւը կը մատնանշի։ Որպէսզի պահի իր իշխանութիւնը, Փաշինեանը պատրաստ է դա անել, իսկ Ալիեւը հող է նախապատրաստում, ասում է՝ չտաս, կը խփեմ։ Մանաւանդ, որ ինքը ֆոն է նախապատրաստում, թէ հայերն են իբր «խախտել հրադադարը»։ Թէ 2016 թւականի, թէ 44-օրեայ պատերազմներից առաջ իրենք սկսում են քարոզչական գրոհով, թէ «հայերը յարձակւել են», իրենք հակահարւած են տւել։ Յետոյ իրենք արդէն խոստովանում են, որ Ադրբեջանը վաղուց էր պլանաւորւել յարձակւել, Թուրքիան է մասնակցել պատերազմին։ Ի դէպ, մի պարադոքս կայ, Փաշինեանը պատրաստւում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւնները բարելաւել, երկու երկիր, որոնք ցեղասպանութիւն են գործել։ Բարեկամական յարաբերութիւններ ունի Ուկրաինայի հետ, որը 1990-ականների սկզբից Ադրբեջանին զէնք ու վարձկաններ է մատակարարել, բայց Բելառուսի հետ թշնամանում է։

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Related Articles

Back to top button