ԻրանՄիջազգայինՔաղաքական

BRICS-ի խորհրդարանական ֆորում. «Դէմ ենք հարկադրանքի միջոցների միակողմանի կիրառմանը»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում իր աշխատանքներն է աւարտել BRICS-ի խորհրդարանական ֆորումը, որին մասնակցում էր նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Ֆորումի աշխատանքների աւարտին մասնակիցները հանդէս են եկել ամփոփիչ հաղորդագրութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.

«Մենք անհանգստացած ենք հարկադրանքի միջոցների միակողմանի կիրառմամբ, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքներին, եւ բացասաբար են ազդում տնտեսական աճի, առեւտրի, էներգետիկայի, առողջութեան եւ պարենայի անվտանգութեան վրայ, յատկապէս զարգացող երկրներում»:

BRICS-ի խորհրդարանական ֆորումի մասնակիցները նաեւ իրենց աջակցութիւնն են յայտնել բազմակողմ, թափանցիկ, արդար, ներառական, ոչ խտրական եւ կանոնակարգւած միջազգային առեւտրի մեխանիզմին, Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան առանցքային դերակատարութեամբ՝ առանձնայատուկ ուշադրութիւն դարձնելով զարգացող եւ նւազ զարգացած երկրներին՝ որպէս այս կազմակերպութեան հիմնական սկզբունքի:

Սանկտ Պետերբուրգի ֆորումի մասնակիցները նաեւ իրենց յանձնառութիւնն են յայտնել բազմակողմանիութեանը եւ միջազգային իրաւունքին, ներառեալ այն նպատակներին եւ սկզբունքներին, որոնք ներառւած են ՄԱԿ-ի կանոնագրութեան մէջ եւ համարւում են դրա հիմնաքարը:

Նրանք նաեւ ընդգծել են միջազգային համակարգում ՄԱԿ-ի առանցքային դերակատարութեան պահպանութեան անհրաժեշտութիւնը, ինչը հնարաւորութիւն կընձեռնի անկախ երկրներին մասնակցելու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանն ու կայուն զարգացմանը, եւ աջակցելու բոլորի համար ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների ապահովմանը՝ խթանելով համերաշխութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած համագործակցութեանը:

BRICS-ի խորհրդարանական ֆորումի մասնակիցները նաեւ դատապարտել են ցանկացած տիպի ահաբեկչական գործողութիւն՝ մերժելով նաեւ դրանց դէմ պայքարի գործում երկակի չափորոշիչների կիրառումը:

Յիշեցնենք, որ BRICS-ի խորհրդարանական ֆորումը տեղի է ունեցել յուլիսի 11-12-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ֆորումի շրջանակում մասնակիցները անց են կացրել նաեւ մի շարք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հանդիպումներ:

Այդ հանդիպումների շրջանակում, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանի հետ:

Հանդիպիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակութիւն են յայտնել Իրան-Հայաստան յարաբերութիւնների բարձր մակարդակի առնչութեամբ:

Նարնք կարեւորել են համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համագործակցութեան հետագայ զարգացման ուղղութեամբ:

Քննարկւել են Իրան-Հայաստան միջխորհրդարանական համագործակցութեանը, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն ու խաղաղութեանն առնչւող հարցեր:

Related Articles

Back to top button