«Հեզբօլլահ»-ը հերքել է Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրայ հրթիռային յարձակման պատասխանատւութիւնը
«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը կտրականապէս հերքել է գրաւեալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս շրջանում հրթիռային հարւածներ հասցնելու մասին իսրայէլական որոշ լրատւամիջոցների եւ տարբեր մեդիահարթակների յայտարարութիւնները: Հաղորդում է լիբանանեան Al Manar հեռուստալիքը:
«Իսլամական դիմադրութիւնը Լիբանանում կտրականապէս հերքում է իսրայէլական որոշ լրատւամիջոցների եւ այլ լրատւամիջոցների պնդումները, թէ հարւածներ են հասցւել Մաջդալ Շամս շրջանում: «Հեզբօլլահ»-ը յայտարարում է, որ առնչութիւն չունի տւեալ միջադէպի հետ եւ կտրականապէս հերքում է դրա վերաբերեալ բոլոր կեղծ պնդումները։
Դրուզների նախաձեռնութեան ղեկավար Ղալեբ Սաիֆը, մեկնաբանելով միջադէպը, յայտարարել է, որ սիրիական Գոլանի եւ Գալիլեայի վրայ ընկած հրթիռները, իսրայէլական կալանիչ հրթիռներ են, որոնք յաճախ զգալի վնաս են հասցնում գոյքին եւ մարդկանց կեանքին:
«Ամէն օր տեսնում ենք, որ «Երկաթէ գմբեթ» հրթիռները վրիպում են իրենց թիրախները եւ ի վերջոյ ընկնում մեզ վրայ», – ասել է Սաիֆը:
Յիշեցենք, որ յուլիսի 27-ին, Իսրայէլի օկուպացրած Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրայ հրթիռներ են ընկել, որի հետեւանքով զոհւել է 9 մարդ, վիրաւորւել՝ 13-ը:
Հրթիռները հարւածել են Մաջդալ Շամս գիւղի դրուզների (արաբների էթնօ-դաւանական խումբ՝ Լիբանանում, Սիրիայում, Յորդանանում եւ Իսրայէլում) ֆուտբոլի դաշտին: