Ալիեւի ներկայացուցիչ. «Եթէ Հայաստանի Սահմանադրութիւնը չփոխւի, ՀՀ նոր կառավարութիւնը կարող է չեղարկել Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիրը»
«ԱԼԻՔ» – «Եթէ Հայաստանի գործող Սահմանադրութիւնը մնայ անփոփոխ, խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ ՀՀ նոր կառավարութիւնը կարող է չեղարկել փաստաթուղթը, քանի որ այն հակասում է երկրի Սահմանադրութեանը»: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան մասին Ադրբեջանի պահանջին:
Նրա խօսքով՝ Հայաստանի գործող Սահմանադրութեամբ ամրագրւած «տարածքային պահանջներն Ադրբեջանի դէմ» (չակերտները մեր կողմից են-ԽՄԲ.) շարունակում են մնալ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան հասնելու հիմնական խոչընդոտը։
«Խօսքը ոչ թէ Ադրբեջանի ճնշման ներքոյ սահմանադրութեան փոփոխութեան մասին է, այլ այն մասին, որ ընտրողները պատասխանեն մէկ հարցի. նրանք խաղաղութի՞ւն են ուզում, թէ՞ նոր առճակատում Ադրբեջանի հետ: Եթէ Հայաստանի իշխանութիւնները հարցը դնեն այսպէս, ապա քաղաքացիների մեծամասնութիւնը կաջակցի խաղաղութեանը», – ասել է Ամիրբեկովը:
Նրա խօսքով՝ այս հարցը քննարկւել է Փաշինեանի հետ։
«Նա պնդում է, որ գործընթացը բարդ է, եւ Սահմանադրութեան նախագիծը կարող է պատրաստ չլինել մինչեւ 2027-ը: Բայց արդեօք աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը: Սակայն ակնյայտ է, որ պէտք չէ շտապել եւ ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկել ՀՀ նոր կառավարութիւնը»,- ասել է Ալիեւի ներկայացուցիչը: