Վլադիմիր Վասիլեւ. «Հարիսի ժամանումը կարող է վարչակարգի փոփոխութեան խնդիրը վերադարձնել ամերիկեան քաղաքականութեան կենտրոն»
Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի գլխաւոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլեւը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ԱՄՆ-ը «գունաւոր յեղափոխութիւն» է պատրաստում Վրաստանում:
Փորձագէտի կարծիքով, ԱՄՆ-ի ռազմավարութիւնը շատ երկրներում, յատկապէս Վրաստանում, սոցիալ-տնտեսական իրավիճակն ապակայունացնելու ուղղւածութիւն ունի:
«Դա իսկապէս իրական է, եւ այդ իրականութիւնը բաւականին հետաքրքիր է։ Դա կարող է պայմանաւորւած լինել նրանով, որ ներկայումս նախագահական մրցավազքի առաջատարը Քամալա Հարիսն է (Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ նախագահի թեկնածու): Ամերիկացիների համար այսօր, ամենայն հաւանականութեամբ, կարեւոր է ցոյց տալ, որ այն շրջանակների ժամանումը, որոնք կանգնած են Հարիսի հետեւում, կը նպաստեն ժողովրդավարութեան զարգացմանը։ Բայց ժողովրդավարութիւնը հէնց գունաւոր յեղափոխութիւնների նման է, ռեժիմների փոփոխութեան նման։ Եւ գուցէ այս ռազմավարութիւնն ունի շատ երկրներում, յատկապէս Վրաստանում, սոցիալ-տնտեսական իրավիճակն ապակայունացնելու ուղղւածութիւն։ Այս իրավիճակը, թերեւս, սկզբունքօրէն կարեւոր նշանակութիւն ունի։ Ամերիկացիները կարող են համարել, որ այդ դէպքում, եթէ ինչ-որ բան տեղի ունենայ, ինչ-որ գունաւոր յեղափոխութիւն, ապա դա կարող է տարածւել այլ կովկասեան հանրապետութիւնների վրայ, գուցէ նոյն Ադրբեջանի, եւ ամենակարեւորը՝ Ռուսաստանի վրայ։ Ահա այդ հարցը ամերիկացիները, գուցէ, հիմա մշակում են»,- ասել է Վասիլեւը։
Նրա խօսքով՝ սկզբունքօրէն կարեւոր է այս ամէնին հետեւելը, քանի որ հէնց Հարիսի առաջադրումը մեզ մօտ դեռ շատ քիչ է գնահատւում, կարծում են, որ նրա եւ նախագահ Ջօ Բայդէնի միջեւ կարող է մեծ տարբերութիւն չլինել։
«Բայց նախագահ Բայդէնը տարիքի պատճառով բաւականին պահպանողական քաղաքական գործիչ է։ Նա բազմիցս յայտարարել է, թէեւ դա դեմագոգիկ յայտարարութիւն էր, կամ, այսպէս ասած, աչքաթող անելու համար, որ վարչակարգերի փոփոխութիւն չի լինելու։ Իսկ ահա Հարիսի գալուստը, հնարաւոր է, իսկապէս նորից ռեժիմի փոփոխութեան խնդիրը վերադարձնի ամերիկեան քաղաքականութեան կենտրոն։ Ուստի այն, ինչ հիմա տեղի է ունենում Վրաստանում, իսկապէս սկզբունքօրէն կարեւոր է։ Ամերիկացիները մշակում են ապագայ ռազմավարութիւնը, եթէ Ամերիկայում նախագահ փոխւի։ Եւ սա նաեւ նախագահական մրցավազքում հատման ժամանակ ձիերը փոխելու ռազմավարութեան մի մասն է»,- եզրափակել է Վասիլեւը։