ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տարածաշրջանի պատմական սահմանները փոխելու ցանկացած փորձ համարւելու է Իրանի Ազգային անվտանգութեանն ուղղւած սպառնալիք

Թեհրանում շարունակում են արձագանգել «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն ուղղւած նկրտումներին

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի պատգամաւորները, քաղաքական գործիչները եւ փորձագիտական շրջանակները շարունակում են հանդէս գալ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը հաստատող յայտարարութիւններով, վերլուծական յօդւածներով եւ հարցազրոյցներով, որոնց մէջ հիմնական շեշտադրումները հետեւեալն են.

– «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը, որին ձգտում են Անկարան եւ Բաքուն,  սպառնալիք է Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան համար:

– Իրանը դէմ է միջազգայնօրէն ճանաչւած սահմանների փոփոխութեանը: Տարածաշրջանում ցանկացած միջամտութիւն, լինի դա Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, դիւանագիտական ​​եւ ռազմական մակարդակներում կը բախւի Իրանի վճռական դիմադրութեանը:

– «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի ներսում լիակատար կոնսեսուս եւ համախմբւածութիւն կայ:

– Իրանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարւայ պատմութիւն ունի, եւ բոլոր երկրները, այդ թւում Ռուսաստանի Դաշնութիւնը պէտք է յարգեն այդ սահմանը:

– Իրանը զարմացած եւ վշտացած է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Ռուսաստանի դիրքորոշումից: Այն նման է«թիկունքից հարւած»-ի՝ Իրանին:

– Ռուսաստանը պէտք է յստակ հասկանայ, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն իր վերջին աջակցութիւնը հակասում է Իրանի հետ բարեկամութեան եւ ռազմավարական գործընկերութեան մասին յայտարարութիւններին։

– Մոսկւայի հետ երկկողմ յարաբերութիւնները չպէտք է հիմնւած լինեն միակողմանի շահերի վրայ:

– Հարաւային Կովկասում փոխըմբռնման, անվտանգութեան եւ կայունութեան ստեղծման գործում Իրանի դերը անհերքելի եւ անշրջանցելի է:

– Տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան կայացմանն ուղղւած բանակցութիւններում Իրանի բացակայութիւնը խոցելի է դարձնում դրանք:

Այս համատեքստում ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ հայաստանեան լրատւամիջոցները ուշադրութեամբ հետեւում եւ ներկայացնում են այսպէս կոչւած միջանցքի թեմայով Իրանի տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների յայտարարութիւնները:

Մասնաւորապէս երէկ՝ սեպտեմբերի 9-ին, յատուկ ընդգծւած ներկայացւել է թեմայի կապակցութեամբ Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի վերջին յայտարարութիւնը, որում նա շեշտել է, որ պաշտօնական Թեհրանն աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը, սակայն դէմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխութեանը. «Իրանն աջակցում է Հարաւային Կովկասում խաղաղութեանն ու կայունութեանը։ Ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանութեան շրջանակում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Մենք նաեւ յստակօրէն դէմ ենք արտայայտւում միջազգային սահմանների ցանկացած փոփոխութեանը»:

Հայաստանեան ԶԼՄ-ները նաեւ հրապարակել են սոցցանցերում Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսին մօտ կանգնած հարթակներում թեմայի առիթով հրապարակւած յայտարարութիւնները, որոնցում յստակօրէն նշւած է, որ Իրանի դէմ բարդ խնդիր է դրւած՝ խուսափել «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանն առնչւող թակարդից եւ դիմակայել իր հաեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին։

Related Articles

Back to top button