ԱԳ նախարար. «Իսրայէլն ԱՄՆ-ի աջակցութեամբ եւ Անվտանգութեան խորհրդի անգործութեամբ տարածաշրջանն աղէտի է մատնել»
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երէկ՝ երեկոյեան, ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է լրագրողների հետ, եւ ներկայացրել է տարածաշրջանի իրավիճակի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը:
Նշելով, որ իրավիճակը Լիբանանում եւ տարածաշրջանում պայթիւնավտանգ է, Արաղչին զգուշացրել է. «Տարածաշրջանն աննախադէպ աղէտի եզրին է կանգնած: ԱՄՆ-ի եւ որոշ արեւմտեան երկրների անվերապահ աջակցութեան շնորհիւ ստեղծւած անպատժելիութեան մթնոլորտում Իսրայէլն յանցագործութիւններ է կատարում: Այս անձեռմխելիութիւնը, Անվտանգութեան խորհրդի անգործութեան հետ մէկտեղ, տարածաշրջանը կանգնեցրել են աղէտի սեմին»:
Նա ահազանգել է, որ եթէ անյապաղ միջոցներ չձեռնարկւեն իրավիճակը փրկելու համար, ապա աշխարհը կը բախւի այնպիսի աղէտալի հետեւանքների, ինչպիսին նախկինում չի եղել:
«Իսրայէլը Գազայում կոտորում է խաղաղ բնակչութեանը, եւ հիմա թւում է, թէ նոյն վայրագութիւնները կրկնում է Լիբանանում, եւ պատերազմ է սկսել այս երկրի դէմ։
Իսրայէլն արդէն Գազան վերածել է «երկրի վրայ դժոխքի»՝ իր ցեղասպանական գործողութիւնների միջոցով, ինչպէս դա տեղին բնութագրել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը: Աւելի քան 42,000 անմեղ պաղեստինցի է զոհւել, 93,000-ը վիրաւորւել է, աւերւել են կենսական նշանակութեան ենթակառուցւածքները։
Այժմ Իսրայէլը կրկնում է իր յանցագործութիւնները Լիբանանում։ Ընդամէնը մէկ շաբաթւայ ընթացքում Իսրայէլը դաժան յարձակումներ է իրականացրել լիբանանեան քաղաքների վրայ՝ սպանելով հարիւրաւոր կանանց ու երեխաների»,- յայտարարել է Արաղչին:
Իսրայէլին բնութագրելով որպէս ապստամբ եւ ագրեսոր ռեժիմի, ԱԳ նախարարը նշել է, որ Իսրայէլը հատել է բոլոր կարմիր գծերը. «Այս ահաբեկչական ռեժիմի համար միջազգային իրաւունքը, մարդու իրաւունքներն ու խաղաղութիւնը իմաստ չունեն։ Իսրայէլի վերջնական եւ չարամիտ նպատակը ողջ տարածաշրջանը հրոյ ճարակ դարձնելն է»,- յստակեցրել է նա:
Արաղչին յայտարարել է, որ երկու կարծիք լինել չի կարող. Լիբանանի դէմ Իսրայէլի ագրեսիան անօրինական յանցագործութիւն է, ինչը ՄԱԿ-ի կանոնադրութեան բացայայտ խախտում է, եւ որի կասեցման համար անհրաժեշտ է Անվտանգութեան խորհրդի անյապաղ միջամտութիւնը, որպէսզի հնարաւոր լինի վերականգնել խաղաղութիւնն ու անվտանգութիւնը:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմիցս զգուշացրել է տարածաշրջանում Իսրայէլի չարամիտ գործողութիւնների հետեւանքների մասին։ Միջազգային հանրութիւնը չի կարող անտեսել Միացեալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դերը Իսրայէլի յանցագործութիւնները իրականացման գործում»,- ասել է Արաղչին՝ յաւելելով, որ այդ անվերապահ աջակցութիւնը Իսրայէլին աւելի ագրեսիւ եւ լկտի են դարձել, ինչը տարածաշրջանը տանում է դէպի աննախադէպ աղէտի:
Նա ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կոչ է արել անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի ագրեսիան կասեցնելու եւ հրադադարի ռեժիմ հաստատելու համար, որպէսզի հնարաւոր լինի փրկել անմեղ մարդկանց կեանքը. «Այլապէս տարածաշրջանը լայնածաւալ հակամարտութեան վտանգի առջեւ կը կանգնի, եւ պատմութիւնը պատասխանատւութեան կենթարկի Իսրայէլի աջակիցներին, յատկապէս՝ ԱՄՆ-ին»:
«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն հաստատակամօրէն կանգնած է Լիբանանի կառավարութեան եւ ժողովրդի կողքին: Իրանը ցուցաբերել է արտակարգ համբերութիւն եւ զսպւածութիւն՝ տարածաշրջանային խաղաղութիւնն ու կայունութիւնը պահպանելու համար։ Իրանը հաստատակամօրէն կանգնած է մնալու իր կենսական շահերը պաշտպանելու բնորոշ իրաւունքի վրայ»,- իր խօսքը եզրափակել է ԱԳ նախարարը: