Մշակութային

Կոմիտաս-155. ՎԱԽՃԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՍԿԻԶԲԸ

«Հայ ժողովուրդը կոմիտասեան երգին մէջ գտաւ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնութիւնը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպէս այսօր, այնպէս էլ յաւիտեան»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա.

 

Այսօր լրանում է հայ մեծագոյն երգահան, երաժշտագէտ, ժամանակակից հայկական դասական երաժշտութեան հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդեան 155-ամեակը:

1869 թւականի սեպտեմբերի 26-ին Քեոթահիայում ծնւած Սողոմոն Սողոմոնեանին՝ Կոմիտասին վիճակւած էր շրջադարձային դեր խաղալ հայ երաժշտական մշակոյթի պատմական զարգացման ճանապարհին:

Կոմիտասի ժամանակակիցները, ինչպէս նաեւ նրան յաջորդած ու մեր ժամանակների բոլոր երաժշտագէտներն ու արւեստաբանները համակարծիք են, որ նրա մեծագոյն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարւեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնաւորման կենսունակ ձեւերի յայտնաբերումը:

Ըստ նրանց՝ մշակելով իր գեղագիտական իդէալները, հիմնւելով հայ երաժշտութեան խոր եւ բազմակողմանի ուսումնասիրութեան վրայ՝ նա առաջ քաշեց հայ երաժշտութեան ինքնուրոյնութեան կարեւոր թէզը եւ իր բազմաբնոյթ գործունէութեամբ հիմնադրեց հայոց ազգային դասական երաժշտութիւնը՝ կանխանշելով նրա հետագայ զարգացման ուղիները:

Կոմիտաս վարդապետն առաջինը յայտնաբերեց հայկական երաժշտութեան ինքնատիպութեան յուսալի ակունքները: Յամառ հետեւողականութեամբ հետազօտեց եւ բացայայտեց այդ ինքնատիպութեան օրինաչափութիւնները: Նա պաշտպանեց եւ անշրջելիօրէն ամրագրեց հայ երաժշտութեան ինքնուրոյնութեան գաղափարը:

Թերեւս ոչ պակաս հանգամանք է նաեւ այն, որ Կոմիտասը Եղաւ նաեւ եզակի բանահաւաք: Շփւելով սովորական մարդկանց հետ, նա հայ գեղջուկի եւ ռամիկի ստեղծագործութիւնը բնորոշեց որպէս ազգի հոգեւոր հարստութիւնների շտեմարան: Հոգատարութեամբ հաւաքագրեց նրա երգերը, մշակեց եւ իր ոգեշունչ կատարմամբ խթանեց հայկական էթնոսի նկարագիրը ճշգրտօրէն բնորոշող ու մարմնաւորող ազգային-ֆոլկլոր երգերի պահպանմանը, ճանաչմանն ու տարածմանը:

Պահպանելով ազգայինը, աւանդականը, Կոմիտաս վարադապետը զարգացրեց, յայտնաբերեց դրանց կենսունակութիւնը պահպանելու, արդիականացնելու, նորացնելու ուղիներն ու ձեւերը: Այդ ճանապարհին նրան վիճակւեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշներով երաժշտական լեզու:

Եւ ինչպէս Պարոյր Սեւակն է դիպուկ բնութագրել. «Մեր երաժշտական լեզւի համար Կոմիտասն արեց նոյնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խօսակցական լեզւի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպէս որ երաժշտութիւնն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպէս Մաշտոցը գտաւ մեր լեզւի բաղադրիչները, նրա հնչիւնակազմը եւ դա արձանագրեց այբուբէնով, ճիշտ այդպէս էլ Կոմիտասը գտաւ մեր երաժշտութեան հնչիւնակազմը մէկ այլ իւրատեսակ այբուբէնով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գիւտ էր, իսկ գիւտը փոքր չի լինում»:

Իսկ թէ ով է եւ ինչ նշանակութիւն ունի «խելագար վարդապետը» հայ ժողովրդի համար, դարձեալ պէտք է ապաւինել սեւակեան անբեկանելի բանաձեւմանը. «Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զաւակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարւել ըստ նրա հաւաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հաւաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստութիւնը, բայց հէնց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսաւորւում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլեւ՝ նրանք են ժողովուրդ վերածնում:

Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, եւ նրա պարգեւած լոյսը դեռ երկար պիտի անդրադառնայ պարգեւողի դէմքին եւ արտացոլւի նրա հոգու մէջ»:

ԽՄԲ.

Related Articles

Back to top button