ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դէմ ԵՄ-ի եւ Անգլիայի սահմանած նոր պատժամիջոցները

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութիւնը դատապարտել է Իրանի դէմ Եւրոմիութեան եւ Անգլիայի կողմից սահմանւած նոր պատժամիջոցները:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է Եւրոմիութեան եւ Անգլիայի կողմից իրանական մի շարք ֆիզիքական եւ իրաւաբանական անձանց նկատմամբ կեղծ եւ անհիմն պատրւակների վրայ հիմնւած նոր պատժամիջոցների կիրառումը:

Նա հերքելով Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին պնդումները, յայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումն ուկրաինական հակամարտութեան վերաբերեալ յստակ է եւ սկզբունքնային՝ հակամարտութեան հէնց սկզբից. ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան նկատմամաբ փոխադարձ յարգանքի անհրաժեշտութիւնը, մենք կոչ ենք արել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առկայ տարաձայնութիւնը լուծել բացառապէս դիւանագիտական ճանապարհով:

Ցաւօք, եւրոպական որոշ երկրներ եւ Անգլիան առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու պնդում են Իրանի ռազմական միջամտութիւնն այս հակամարտութեանը, ինչը բացարձակապէս անհիմն եւ մերժելի է»,- յայտարարել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յիշեցնենք, որ նախօրէին ԵՄ-ն եւ Անգլիան պատժամիջոցներ են կիրառել Իրանի 7 ֆիզիկական եւ 7 իրաւաբանական անձերի նկատմամբ:

Պատժամիջոցները սահմանւել են ի պատասխան իբր Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ուղարկելուն:

Իրանն ու ՌԴ-ն բարձր մակարդակով բազմիցս հերքել են ԵՄ-ի պնդումներն առ այն, որ Թեհրանը Մոսկւային միջին հեռահարութեան հրթիռներ եւ անօդաչուներ է փոխանցել Ուկրաինայում օգտագործելու նպատակով:

Related Articles

Back to top button