«ԱԼԻՔ» – Իրանում Հունգարիայի դեսպանը, որի երկիրը նախագահում է Եւրամիութիւնում, ԱԳՆ է կանչւել՝ ի նշան բողոքի ընդդէմ Եւրամիութեան եւ Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի ղեկավարների նիստի ամփոփիչ յայտարարութեան մէջ որոշ անհիմն պնդումների կրկնութեան:
ԱԳՆ Արեւմտեան Եւրոպայի վարչութեան պետը յիշեցնելով, որ բոլոր երկրները, այդ թւում՝ ԵՄ անդամ երկրները պարտաւոր են ենթարկւել միջազգային իրաւունքի ընդունւած նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրութեանը՝ յարգելով այլ երկրների տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, խստօրէն դատապարտել է ԵՄ-ի՝ Իրանի տարածքային ամբողջականութեան դէմ որոշ անհիմն եւ անօրինական պահանջներին ցուցաբերած աջակցութիւնը:
Ընդգծելով Աբու Մուսա, Մեծ Թոնբ եւ Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանութիւնը՝ որպէս պատմական եւ իրաւական փաստ, ԱԳՆ Արեւմտեան Եւրոպայի վարչութեան պետը Եւրամիութեան կողմնակալ եւ անարդար դիրքորոշումն այս հարցում որակել է որպէս չմտածւած, անպատասխանատու արարք, որը զուրկ է որեւէ իրաւական արժէքից։ Նա պահանջել է խուսափել նման արարքների կրկնութիւնից եւ անմիջապէս ուղղել սխալը։
Իրանում Հունգարիայի դեսպանն իր հերթին յայտնել է, որ Իրանի պաշտօնական բողոքը կը փոխանցի ԵՄ պաշտօեաներին։