ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. «ԱՄՆ-Ի աջակցութիւն Իսրայէլին աւելի լկտի է դարձրել»

Մեր պատասխանը կը լինի միջազգային իրաւունքի շրջանակում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ ուշ երեկոյեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան պահանջով գումաւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը՝ Իրանին Իսրայէլի հասցրած հարւածների առիթով:

Նիստին ելոյթով հանդէս է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին, որն իր ելոյթում ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած Միացեալ Նահանգների անվերապահ աջակցութիւնն աւելի լկտի է դարձրել այդ ռեժիմին:

«ԱՄՆ-ի անվերապահ աջակցութիւնն Իսրայէլի ռեժիմին, ինչպէս նաեւ նրա՝ Անվտանգութեան խորհրդի՝ որպէս մշտական ​​անդամի պարտականութիւնների կատարմանը խոչընդոտելը, այս ռեժիմին աևելի լկտի է դարձրել Գազայում եւ Լիբանանում շարունակելու իր յանցագործութիւններն ու ագրեսիան, իսկ այժմ, նաեւ, Իրանի դէմ, լրջօրէն խաթարելով տարածաշրջանային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը»,- յայտարարել է Իրաւանին:

Անդրադառնլով Իրանին Իսրայէլի հասցրած հարւածին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանի դէմ Իսրայէլի ագրեսիան ակնյայտ է ու յաճախակի: Այս յարձակումն ագրեսիայի եւ անպատժելիութեան աւելի լայն եւ շարունակական օրինաչափութեան մի մասն է, որը շարունակում է Իսրայէլի ռեժիմը՝ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, յատկապէս՝ շարունակական ագրեսիայի, էթնիկական զտումների եւ ռազմական յանցագործութիւնների միջոցով Պաղեստինի եւ Լիբանանի ժողովրդների դէմ»:

Խստօրէն դատապարտելով Իսրայէլի ագրեսիան, Իրաւանին նշել է, որ այդ ռեժիմի գործողութիւնները կոպտօրէն խախտում են միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան հիմնարար սկզբունքները եւ օրէնքները՝ ոտնահարելով յատկապէս երկրների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը յարգելու սկզբունքը:

 «Այս սկզբունքները պարզապէս վերացական գաղափարներ չեն, այլեւ՝ հիմնարար հիմքերն են, որոնց վրայ հիմնւած է միջազգային խաղաղութիւնն ու կայունութիւնը»,- յստակեցրել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս հետեւել է դիւանագիտութեանը, որպէս տարածաշրջանային մարտահրաւէրների լուծման եւ խաղաղութեան ու կայունութեան ամրապնդման միջոց: Այդուհանդերձ, որպէս ինքնիշխան պետութիւն, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վերապահում է իր բնական իրաւունքը՝ համապատասխան ժամանակին արձագանգելու ագրեսիայի այս ակտին, որը ամրագրւած է ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածով: Մեր պատասխանը կը լինի օրինական եւ լիովին համապատասխան միջազգային իրաւունքին»,- եզրափակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:

Related Articles

Back to top button