Պուտին. «ՌԴ-ն չի պատրաստւում ներքաշւել սպառազինութիւնների նոր մրցավազքի մէջ, սակայն միջուկային ուժերը կը պահպանի անհրաժեշտ բաւարար մակարդակի վրայ»
«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զէնքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշւի սպառազինութիւնների նոր մրցավազքի մէջ, բայց իր միջուկային ուժերը կը պահպանի անհրաժեշտ մակարդակի վրայ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կը մշակենք պաշտօնեաների գործողութիւնները՝ վերահսկելու միջուկային զէնքի կիրառումը բալիստիկ եւ թեւաւոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ միջուկային զէնքի կիրառումը ծայրայեղ միջոց է երկրի անվտանգութիւնն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկւայի սկզբունքային դիրքորոշումն է։
«Բայց, միեւնոյն ժամանակ, հէնց միջուկային եռեակն է, որը շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան յուսալի երաշխաւորը, որը հնարաւորութիւն է տալիս լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպէս նաեւ պահպանել միջուկային հաւասարութիւնը եւ ուժերի հաւասարակշռութիւնն աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստւում ներքաշւել սպառազինութիւնների նոր մրցավազքի մէջ, սակայն մենք կը պահպանենք միջուկային ուժերը անհրաժեշտ բաւարար մակարդակի վրայ»,- նշել է պետութեան ղեկավարը։
Պուտինը շեշտել է, որ աշխարհում աճող լարւածութիւնը եւ արտաքին նոր սպառնալիքների ի յայտ գալը ցոյց են տալիս ժամանակակից ռազմավարական զսպման ուժեր ունենալու, դրանք մշտապէս մարտական օգտագործման համար պատրաստ պահելու կարեւորութիւնը:
Ուստի Մոսկւան կը շարունակի կատարելագործել դրանց բոլոր բաղադրիչները, ընդգծել է ՌԴ նախագահը՝ յաւելելով, որ երկիրն ունի դրա ռեսուրսները։