Սալիւան. «Սպիտակ տունը դեռեւս չի հասել Գազայի հատւածում հրադադարի համաձայնութեան»
«ԱԼԻՔ» – Սպիտակ տունն աշխատում է Գազայի հատւածում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի ուղղութեամբ, բայց «դա դեռ արւած չէ»: NBC-ին տւած հարցազրոյցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան խորհրդական Ջէյք Սալիւանը։
«Մենք ակտիւօրէն աշխատում ենք, որպէսզի դա տեղի ունենայ: Մենք սերտօրէն համագործակցում ենք տարածաշրջանի առանցքային դերակատարների հետ, եւ այսօր էլ ակտիւութիւն կայ։ Կը լինեն հետագայ խօսակցութիւններ եւ խորհրդակցութիւններ, եւ մենք յուսով ենք, որ կարող ենք պայմանաւորւել հրադադարի եւ պատանդների շուրջ, բայց մենք դեռ դրան չենք հասել»,- ասել է Սալիւանը։
Մեկնաբանելով Իսրայէլի եւ Լիբանանի միջեւ հակամարտութիւնը՝ Սպիտակ տան ներկայացուցիչը բարձր է գնահատել հրադադարի համաձայնութիւնը եւ ասել, որ ԱՄՆ-ն աշխատում է լիբանանեան բանակի հետ՝ ապահովելու դրա «արդիւնաւէտ իրականացումը»:
«Մենք պէտք է պաշտպանենք այն եւ ապահովենք, որ այն ամբողջութեամբ կատարւի», – ասել է նա NBC-ին:
Սալիւանը նաեւ ասել է, որ երկու կողմերն էլ «միջազգային իրաւունքի համաձայն իրաւունք ունեն ինքնապաշտպանութեան գործողութիւններ ձեռնարկել, եթէ բախւեն անմիջական սպառնալիքի»:
Աւելի վաղ Իսրայէլի արտաքին գործերի նախարար Գեդէոն Սաարը յայտարարել էր, որ կան «նշաններ», որ առաջընթաց կարող է արձանագրւել Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման համաձայնագրի հարցում:
Միեւնոյն ժամանակ Սաարն ասել էր, որ ՀԱՄԱՍ-ին «չի կարելի թոյլ տալ» շարունակել կառավարել Գազայի հատւածը։