Թրքամէտ խմբաւորումը յայտարարել է Դամասկոսը գրաւելու մասին
Բաշշար Ասադը հեռացել է երկրից
«ԱԼԻՔ» – Թրքամէտ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբաւորումը եւ նրա դաշնակից այլ ահաբեկչական խմբաւորումները պաշտօնապէս յայտարարել են, որ գրաւել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշշար Ասադը լքել է երկիրը:
Ինչպէս հաղորդում են միջազգային լրատւամիջոցները՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ Ջուլանին յայտարարել է, որ կառավարական բոլոր հաստատութիւնները կը մնան Սիրիայի ներկայիս վարչապետի վերահսկողութեան տակ, քանի դեռ դրանք պաշտօնապէս չեն յանձնւել։
Սիրիայի գործող վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ Ջալալին հանդէս է եկել հեռուստաուղերձով, թրքամէտ զինեալների Դամասկոս մտնելուց յետոյ: Նա իշխանութիւնը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամութիւն է յայտնել:
«Մենք ձեռք ենք մեկնում ընդդիմախօսներին, որոնք հաստատել են, որ չեն վնասի որեւէ մէկի, ով մեր հայրենիքի մաս է կազմում: Մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ այնպէս, որ նրանց տրամադրենք հնարաւոր ամբողջ օգնութիւնը եւ աստիճանաբար յանձնենք կառավարութեան գործերը՝ ապահովելով պետական օբիեկտները»,- ասել է նա:
Գործող վարչապետը նաեւ յայտարարել է, որ չի հեռանալու Դամասկոսից՝ կոչ անելով պահպանել հասարակական ինստիտուտները։
«Մենք հաւատում ենք Սիրիային բոլոր սիրիացիների համար: Մենք հաւատում ենք, որ այն կարող է լինել նորմալ պետութիւն, որը լաւ յարաբերութիւններ է կառուցում իր հարեւանների եւ աշխարհի հետ՝ առանց տարածաշրջանային դաշինքների կամ բլոկների մէջ մտնելու։ Դա կախւած է նրանից, թէ ինչպիսի ղեկավարութիւն կընտրի սիրիացի ժողովուրդը»,- յաւելել է Ալ Ջալալին:
Յիշեցենք, որ աւելի վաղ հրապարակւել էր սիրիական բանակի հրամանատարութեան յայտարարութիւնը՝ Դամասկոսի անկման եւ Բաշշար Ասադի իշխանութեան տապլման մասին: