ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակը հերքել է եւրոպական տրոյկայի պնդումները կապւած Իրանի միջուկային ծրագրերի վերջին զարգացումների հետ

«ԱԼԻՔ» – ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը հերքելով Իրանի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի վերջին զարգացումների վերաբերեալ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ների խօսնակների համատեղ յայտարարութեան մէջ արւած պնդումները, ընդգծել է. «Աւելի առաջադէմ ցենտրիֆուգների ակտիւացման վերջին որոշումը գտնւում է «Չտարածման պայմանագրի» (NPT) անդամների յստակ իրաւունքների շրջանակներում, եւ իրականացւել է համապատասխան ծանուցմամբ ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հսկողութեան ներքոյ»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Էսմայիլ Բաղային յաւելել է. «Որպէս Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան յանձնառու կողմ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր ցուցաբերած համագործակցութեամբ ապացուցել է իր հաւատարմութիւնն այս կազմակերպութեանը, եւ  հաւատարիմ է մնում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի այցի ընթացքում ձեռք բերւած փոխըմբռնումներին»։

Նա յաւելել է, որ 2024 թւականի նոյեմբերի 24 եւ 25-ին Թեհրանում ձեռք բերւած փոխըմբռնումը եւս դրա ապացոյցն է, եւ նշել. «Ցաւալի է, երբ երեք եւրոպական երկրներն իրենց ոչ կառուցողական մօտեցմամբ հաւանութիւն են տալիս Իրանի դէմ բանաձեւին, անտեսելով գլխաւոր տնօրէնի այցի ձեռքբերումները, ինչը կարող է ամրապնդել կողմերի միջեւ ապագայ համագործակցութիւնը»:

Անդրադառնալով օրեր առաջ Ժնեւում երեք եւրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խօսնակը յաւելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակում է հաւատալ  փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած կառուցողական փոխգործակցութեանը: «Միեւնոյն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատշաճ կերպով արձագանգելու է իւրաքանչիւր անօրինական պահւածքի, այն պատասխանելով  օրինական իրաւունքների շրջանակներում»,- նշել է նա:

 Բաղային նշել է նաեւ, որ Միջուկային համաձայնագրի իրականացման հետ կապւած ներկայիս իրավիճակի պատճառը ոչ թէ Իրանի միջուկային խաղաղ գործողութիւններն ու փոխհատուցման քայլերն են, այլ կողմերից մէկի միակողմանի դուրս գալն էր, ինչպէս նաեւ եւրոպական երեք երկրների կողմից անկատար թողնւած պարտաւորութիւններն են:

ԱԳՆ խօսնակն ընդգծելով կառուցողական փոխգործակցութեան հարցում փոխադարձ հաւատարմութեան կարեւորութիւնը, երեք եւրոպական երկրներին խորհուրդ է տւել Իրանի խաղաղ միջուկային ծրագրերի վերաբերեալ սադրիչ եւ ոչ օգտակար յայտարարութիւններ անելու փոխարէն, զբաղւել ստեղծւած իրավիճակի դրդապատճառներով, ինչի պատճառով  շարունակւում են Իրանի ժողովրդի նկատմամբ անօրինական ճնշումներն ու պատժամիջոցները:  

Related Articles

Back to top button