Արցախի ԱԺ. «ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախի անկախութեան ճանաչումը պատմական արդարութիւնը վերականգնելու միակ միջոցն է»
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովն ուղերձ է յղել ՄԱԿ–ին եւ ՄԱԿ անդամ երկրներին.
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝ որպէս Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրւած ներկայացուցչական մարմին, դեռեւս 2023 թւականի յուլիսի 27-ին միաձայն ընդունած Ուղերձով դիմել է համաշխարհային հանրութեանը, ՄԱԿ անդամ պետութիւններին՝ կոչ անելով յանուն փրկութեան (Remedial Recognition) ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:
ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնները եւ այլ միջազգային դերակատարները, չնայած բնակչութեանը ցեղասպանութիւնից պաշտպանելու իրենց միջազգային պարտաւորութիւններին (Responsibility to Protect), ցաւօք, բացարձակ անտարբերութիւն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդէպ Արցախի բնակչութեանը սպառնացող լրջագոյն գոյաբանական վտանգների մասին, եւ չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնները, երբ վերջինս 2023 թւականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դէմ եւ էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում բռնազաւթեց Արցախի Հանրապետութեան ողջ տարածքը:
Մինչեւ Արցախի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան, Ադրբեջանը, խախտելով 2020 թւականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան դրոյթները՝ մասնաւորապէս 6-րդ կէտը, 10 ամիս շարունակ արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ միջազգայնօրէն ճանաչւած արտատարածքային Լաչինի միջանցքը՝ անհնարին դարձնելով կենսական նշանակութիւն ունեցող ապրանքների՝ սննդամթերքի, մանկական սննդի, դեղորայքի մատակարարումները, ինչպէս նաեւ անտեսելով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թւականի դեկտեմբերի 21-ի եւ ՄԱԿ միջազգային դատարանի 2023 թւականի փետրւարի 22-ի եւ յուլիսի 6-ի որոշումները Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերեալ։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան անպատիժ վարքագիծը ոգեւորիչ է այլոց համար: Աշխարհն օրէցօր ընկղմւում է նոր արհաւիրքների մէջ, որի գինը հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց կեանքն է:
Առաջնորդւելով Արցախը իր կազմի մէջ բռնի ուժով ընդգրկելու քաղաքականութեամբ եւ այդ տարածքից հայկական հետքը լիովին վերացնելու անթաքոյց մտադրութեամբ՝ ներկայումս Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում կամ իւրացնում է հազարամեակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժէքները, ապօրինի բնակեցնում դարերի պատմութիւն ունեցող հայկական գիւղերն ու քաղաքները, շարունակում պատանդութեան մէջ պահել տասնեակ մեր հայրենակիցների, այդ թւում՝ հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
Այդ յանցագործ հակամարդկային քաղաքականութիւնը կանխելու եւ Արցախի քաղաքացիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու միակ միջոցը ՄԱԿ անդամ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է:
Մինչեւ միջազգային հանրութեան կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը եւ պատմական Հայրենիք հայ բնիկ բնակչութեան վերադարձի համար անվտանգ պայմանների ստեղծումը, անհրաժեշտ է ՄԱԿ համապատասխան կառոյցների միջոցով դադարեցնել այժմ ընթացող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի հայկական գերեզմանատների, եկեղեցիների, վանքերի եւ պատմամշակութային արժէքների, հանրային եւ մասնաւոր սեփականութեան թալանն ու բարբարոսական աւերումը՝ պահպանելով Արցախի բնակչութեան հարկադրաբար լքած անշարժ եւ շարժական գոյքը, բոլոր պետական եւ համայնքային շէնք-շինութիւնների, արդիւնաբերական ձեռնարկութիւնների եւ առեւտրային օբիեկտների անձեռնմխելիութիւնը:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը՝ որպէս առաջնային մանդատով օժտւած բարձրագոյն ներկայացուցչական մարմին, ուղերձով դիմում է միջազգային հանրութեանը եւ կոչ անում ՄԱԿ անդամ պետութիւններին.
առաջնորդւելով ՄԱԿ կանոնադրութեան մէջ ամրագրւած ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թւականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին Հռչակագիրը», 1991 թւականի դեկտեմբերի 10-ին կայացած անկախութեան համաժողովրդական հանրաքւէի արդիւնքները, ինչպէս նաեւ 1992 թ. յունւարի 6-ին ընդունւած Հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին՝ ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան անկախութիւնը՝ յանուն Արցախի բնիկ ժողովրդի իր պատմական հայրենիք վերադարձի:
ՄԱԿ անդամ պետութիւնների կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը պատմական արդարութիւնը վերականգնելու միակ միջոցն է, այն կը դառնայ մեր ժողովրդի պաշտպանւածութեան յուսալի երաշխիքը, կը նպաստի 150 հազար հայերի արժանապատիւ եւ անվտանգ վերադարձին իրենց պատմական Հայրենիք՝ արդէն ճանաչւած միջազգային սահմաններում, պատմական բնակութեան վայրերում բնականոն կեանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպէս նաեւ կապահովի երկարաժամկէտ եւ կայուն խաղաղութիւն հարաւկովկասեան տարածաշրջանում»: