«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների առիթով, երէկ՝ դեկտեմբերի 24-ի երեկոյեան, մտերմիկ հանդիպում էր կազմակերպւել Հանր. նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ Իրանում քրիստոնեայ համայնքների՝ հայերի եւ ասորիների հոգեւոր եւ ազգային ներկայացուցիչների միջեւ :
Միջոցառմանը, որի հաղորդավարն էր՝ Արտոյտ Զոհրաբեանը, Հոգշ. Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, փոխանցեց Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, եւ Ազգային իշխանութեան պատգամը: Խօսքի մէջ նշւած էր. «Հայ ժողովուրդը Իրանի բոլոր դարաշրջաններում իր իրանցի եղբայրների ու քոյրերի կողքին կանգնելով մեծ ջանքեր է գործադրել պահպանելու Իրանի տարածքային ամբողաջակնութիւնն ու բարգաւաճումը, ու զարգացումը: Իրանի հայ համայնքը, որպէս Իրանի հասարակութեան անբաժանելի մաս եւ որպէս Իրանի հողում խաղաղ համակեցութեամբ ապրող, օրինակելի է եղել եւ Իսլամական յեղափոխութեան առաջին իսկ օրերից եւ իր հաւատարմութիւնն է ցոյց տւել յեղափոխութեան եւ սեփական երկրին՝ Իրանին»:
Հանդիպման ընթացքում Իրանի ասորի համայնքի կողմից արտայայտւեցին՝ Ասորի արեւելեան եկեղեցու առաջնորդ արք. Մառներսէյ Բենիամինը եւ ասորի համայնքից ներկայացուցիչներ:
Իրենց խօսքերը փոխանցեցին Հանր. նախագահի առաջին տեղակալի գիտական ներկայացուցիչը Հայաստանում, մաթեմատիկոս, Իրանի գիտութիւնների ազգային ակադեմիայի անդամ, պրոֆ. Մկրտիչ Թումանեանը, եւ Թեհրանի «Արաքս» ազգային աղջ. դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը, կարեւորելով Իրանում բոլոր համայնքների խաղաղ գոյակցութիւնը եւ համայնքների անվերապահ ջանքը յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան ու վերելքի:
Հանդիպմանը իր խօսքը փոխանցեց Իրանում էթնիկ խմբերի եւ կրօնական համայնքների հարցերով Հանր. նախագահի յատուկ տեղակալ հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին: Նա ընդգծեց. «Քրիստոնէութիւնը եւ Իսլամը երկուսն էլ ձգտում են մարդկանց միջեւ եղբայրութեան եւ խաղաղութեան հաստատման: Այս երկնային ուսմունքների լոյսի ներքոյ քրիստոնեայ հաւատակիցները մշտապէս եղել են Իրանի Իսլամական Հանրապետութեան սուրբ համակարգի կողքին, եւ նահատակներ նւիրաբերել յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան»:
Հանդիպման ընթացքում իր խօսքը փոխացնեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին: Իր ելոյթի ընթացքում նախարարը ընդգծեց, որ այս հանդիպմանը Հանր. նախագահի ներկայութիւնը վկան է միասնականութեան կարգախօսի իրականացման: Նա անդրաառնալով Իրանում էթնիկ եւ կրօնական համայնքների անմնացորդ դերակատարութեանը Իրանի հազարամեայ պատմութեան ընթացքում ընդգծեց. «Իրանում Քրիստոնէութեան վաղեմիութիւնը հասնում է հենց Քրիստոնէութեան առաջին իսկ ժամանակներին, իսկ վերջին 100-ից 150 տարիներին, եւ ի մասնաւորի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի ու սրբազան պաշտպանութեան տարիներին բացայայտ էր միասնականութիւնը եւ գոյակցութիւնը»:
Օրւայ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Մասուդ Փեզեշքիանը: Իր ելոյթի ընթացքում, նախագահը շնորհաւորելով Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը եւ Ամանորը, համայն աշխարհի համար ցանկացաւ խաղաղութիւն, անվտանգութիւն եւ բարեկամութիւն:
Հանր. նախագահը մէջբերումներ կատարելով Ղուրանից, ընդգծեց, որ բոլոր մարգարէները աւետել են իրաւացիութիւն, արդարութիւն ու ճշմարտութիւն: Նախագահը ընդգծեց, որ բոլոր թշնամութիւնները եւ պատերազմները արդիւնքն են եսասիրութեան եւ նշեց. «Մենք բոլորս մէկ ազգից, ցեղից ենք: Նա ով աւելի բարի է եւ աւելի արդար, նա աւելի բարձր է, եւ իրաւացի»: Նախագահը ընդգծեց. «Եկել եմ ասելու, որ մենք ձեզ հետ ենք եւ բոլորս ցանկանում ենք միասին ապրել հասարակութեան մէջ, յանուն խաղաղութեան, բարօրութեան, արդարութեան, ճշմարտութեան, եւ սիրոյ։ Աստւած առաքեց մարգարէներին, որպէսզի մենք միասին ապրենք խաղաղութեամբ, ու բարօրութեամբ եւ չպատերազմենք միմեանց հետ»:
Հանդիպմանը ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահյութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, ասորի համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վերապատւելի Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, համալսարանների հայ դասախօսներ եւ Սպահանի հայոց թեմից ժամանած ազգային իշխանութեան ներկայացուցիչներ: