Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալիեւը կրկին սպառնացել է Հայաստանին պատերազմով եւ կասկածի տակ դրել խաղաղութեան պայմանագրի կնքումը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղական հեռուստաալիքներին տւած հարցազրոյցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպէս նաեւ կասկածի տակ է դրել Երեւանի եւ Բաքւի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքումը։

«Եթէ Երեւանը խաղաղութեան պայմանագրի կարիք չունի, ապա Բաքուն եւս կարող է առանց դրա»,- ասել է Ալիեւը։

Ըստ Ալիեւի՝ «Հայաստանին զինելը միայն նոր լարւածութեան կը յանգեցնի։ Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղութիւն ենք ուզում»: Նա Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանային անվտանգութեանը սպառնալիք ներկայացնելու» մէջ՝ ասելով, որ մօտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախօսութեան» ենթադրեալ կրողներ, որոնք երկիրը ձեւաւորել են «իրենց կերպարով»։

Ալիեւը փաստացի սպառնացել է հնարաւոր ռազմական միջամտութեամբ՝ ասելով, որ եթէ Հայաստանը «ինքնուրոյն չազատւի այդ «ֆաշիստական» դրսեւորումներից, ապա Ադրբեջանը ստիպւած կը լինի «գործել»։ Այն կը կործանւի կամ Հայաստանի ղեկավարութեան, կամ մեր ձեռքով։ Մենք այլ ելք չունենք։

Ալիեւը նաեւ ասել է, որ Հայաստանը չպէտք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ կրկին սպառնալով բացել այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը. «Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբիւր չենք։ Մենք խաղաղութիւն եւ համագործակցութիւն ենք ուզում Հարաւային Կովկասում, եւ թող նրանք մեզ չխանգարեն։ Նրանք չպէտք է որպէս աշխարհագրական պատնէշ գործեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ «Զանգեզուրի միջանցք»-ը պէտք է եւ բաց կը լինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լաւ»։

NEWS.am-ը

Related Articles

Back to top button