Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Նիկոլա Ազնաւուր. «Պարտաւոր ենք կանգնել Ռուբէնի կողքին, նրա նւիրումը մեր միասնական ջանքն է պահանջում»

«ԱԼԻՔ» – «Ազնաւուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնաւուրը յայտարարութիւն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դատավարութեան վերաբերեալ:

«Ինձ համար մեծ պատիւ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբէն Վարդանեանին։ Խոր հիացմունքով եմ խօսում մի մարդու մասին, ով մշտապէս աչքի է ընկել որպէս տեսլական ունեցող գործիչ եւ նւիրեալ հայրենասէր։

Բարեգործական նախաձեռնութիւնների եւ կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբէնն ապացուցել է, որ իրական յաջողութիւնը մարդկանց կեանքի բարելաւումն է եւ ստեղծած արժէքները։ «Աւրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունութեան եւ յոյսի ուժի նկատմամբ նրա խոր հաւատի մասին։

Այսօր մենք բախւում ենք ցաւալի իրականութեան. Ռուբէնն արդէն 471 օր կալանքի տակ է գտնւում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողութիւնները, որոնք ունեն բացառապէս քաղաքական շարժառիթ, արդարութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարում են։

Ռուբէն Վարդանեանի նւիրւածութիւնը հայ ժողովրդին ու համամարդկային արժէքներին իսկապէս բացառիկ է։ Նա ազնւութեան եւ կարեկցանքի մարմնացում է, որակներ, որոնք ոգեշնչում են։ Հպարտ եմ Ռուբէնին իմ ընկերն անւանել եւ անհամբերութեամբ սպասում եմ այն օրւան, երբ նա կը կարողանայ շարունակել աշխարհը դէպի լաւը փոխող նախաձեռնութիւնների իրագործումը:

Այսօր առաւել, քան երբեւէ, պարտաւոր ենք կանգնել Ռուբէնի կողքին։ Նրա քաջութիւնը եւ նւիրումը ոչ միայն մեր աջակցութեանն են արժանի, այլեւ մեր միասնական ջանքն են պահանջում` ապահովելու նրա ազատութիւնն ու պաշտպանելու այն արժէքները, որոնք նա մարմնաւորում է», – ասւում է յայտարարութիւնում:

Related Articles

Back to top button