Իսկ գուցէ աւելի հեռու գնացող նպատակներ կա՞ն
Բանակցային գործընթացում «Մեղրիի գործօնի» հետ կապւած նախօրէի հրապարակումն ուշագրաւ է առաջին հերթին այնքանով, թէ ինչո՞ւ հէնց հիմա շրջանառութեան մէջ նետւեց այն, այդտեղից արտածեալ՝ ի՞նչ նպատակ է այն հետապնդում:
Մինչ այդ, սակայն, նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեանը, արձագանգելով յիշեալ հրապարակմանը, նշել է. «Շնորհակալ կը լինենք ԱՄՆ Պետդեպի սեփականութիւնը հանդիսացող եւ այնտեղից ֆինանսաւորւող լրատւամիջոցին, եթէ իրենց վերադաս հիմնարկից պահանջեն եւ հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապէս բանակցութեան սեղանին դրւած փաստաթուղթ էր եւ որը, այո, Հայաստանի իշխանութիւնները թէ՛ քննարկել են, եւ թէ՛ պատրաստ են եղել ստորագրել»:
Առհասարակ, «Մեղրին յանձնելու» այդ յօրինածին թէզը նոր չէ, որ դրւել է շրջանառութեան մէջ: Սա փաշինեանական քարոզչութեան սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակւածի «էութիւնն» է: Նախ՝ արձանագրենք, որ խօսւում է ինչ-որ բանաւոր քննարկումների մասին, այսինքն՝ գրաւոր որեւէ առաջարկ, փաստաթուղթ չկայ: Երկրորդ՝ վկայակոչւում են ամերիկեան, թուրքական ու ադրբեջանական դիւանագիտութեան ինչ-որ գաղտնազերծւած պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթէ չասւի՝ յիմար պատկեր է ստեղծւում, թէ Ռոբերտ Քոչարեանը Մեղրին տալիս էր, բայց Ալիեւը (Հէյդար) բռնեց ու… չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:
Վերջապէս, այդ հրապարակումը յանգեցնում է մի քանի ուշագրաւ եզրայանգումներին, որ, ասենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ԱՄՆ գործուն աջակցութեամբ, ամէն գնով ցանկանում էին Մեղրին պոկել Հայաստանից ու դնել թուրքական տիրապետութեան տակ: Կամ՝ որ Ռոբերտ Քոչարեանը կարողացել է դիւանագիտական այնքան հմտութիւն ու ջանք գործադրել, որ ոչ միայն յստակ դիմադրել է այդ հակահայ նկրտումներին, այլեւ գործընթացը յանգեցրել է Քի Վեսթի նախագծին, որով Արցախը ճանաչւում էր, իսկ Ադրբեջանն ընդամէնը Հայաստանին պատկանող (ու վերահսկւող) ճանապարհով Նախիջեւան գնալ-գալու հնարաւորութիւն էր ստանալու:
Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն արձանագրումը, որ Քոչարեանի «յանձնած» Մեղրին թէ՛ նրա պաշտօնավարման աւարտին, թէ՛ մինչեւ օրս Հայաստանի կազմում է ու Հայաստանի հարաւային դարպասը: Որքան գիտենք՝ այդպէս է: Չնայած իշխանական ու մերձիշխանական քարոզչախումբը շարունակում է Մեղրիի մասին խօսել որպէս յանձնած: Իսկ գուցէ աւելի հեռու գնացող նպատակներ կա՞ն, որոնց համար հիմքեր են պատրաստւում, թէ Քոչարեանը վաղուց «յանձնել էր»:
Ամէն դէպքում, կրկնենք, Մեղրին եղել է ու կայ Հայաստանի կազմում, ոչ մէկին յանձնւած չէ: Փոխարէնը Արցախը Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման շրջանում ու հետեւանքով հայաթափւած է եւ ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում: Այսինքն, բուն իրականութիւնը թողած՝ ոմանք գերադասում են երեւակայական ու առաւելապէս մտացածին, մանիպուլեատիւ «փուչիկներ» շրջանառել: Ի դէպ, արդէն լրիւ պայթած ու «փսկած» փուչիկներ:
«Փաստ»