ԱՄՆ փոխնախագահը մերժել է Ուկրաինա ամերիկեան զօրքեր ուղարկելու հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսը մերժել է Ուկրաինա ամերիկեան զօրքեր ուղարկելու հնարաւորութիւնը։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Նախագահ Թրամփը մեծագոյն գործարք կնքողն է, եւ նա խաղաղութիւն կը բերի տարածաշրջանին՝ վերջ տալով Ուկրաինայում պատերազմին։ Ինչպէս միշտ յայտարարել ենք, ամերիկեան ուժերը երբեք չպէտք է վտանգի տակ դրւեն այնտեղ, որտեղ նրանք չեն առաջ տանում ամերիկեան շահերն ու անվտանգութիւնը: Այս պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ է»,- նշել է նա։
Այսպէս, Վենսը հերքել է իր հետ աւելի վաղ The Wall Street Journal-ում հրապարակւած հարցազրոյցը, որում ասւում էր, որ եթէ Ռուսաստանը հրաժարւի Ուկրաինայի հետ խաղաղութեան համաձայնագիր կնքել՝ երկարաժամկէտ երաշխիքներով այս երկրի համար, ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկւայի դէմ եւ նոյնիսկ իր զինւորականներին ուղարկել Ուկրաինա։
«Կան ազդեցութեան տնտեսական լծակներ, կան, իհարկէ, ռազմական գործիքներ, որոնք ԱՄՆ-ը կարող է օգտագործել Պուտինի դէմ»,- Վենսի խօսքերն են մէջբերում լրագրողները։
«Այն փաստը, որ The Wall Street Journal-ը խեղաթիւրեց իմ խօսքերը այնպէս, ինչպէս արեցին այս յօդւածի դէպքում, անհեթեթ է, բայց զարմանալի չէ, քանի որ նրանք տարիներ են ծախսել՝ ձգտելով աւելի շատ ամերիկացի տղաներ եւ աղջիկներ զինւորական համազգեստով անհարկի մեկնեն արտասահման»,- յայտարարել է Վենսն՝ ի պատասխան պարբերականի հրապարակմանը:
Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ ԱՄՆ իշխանութիւնները մտադիր են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել, որ Ռուսաստանը կարող է աւելիին հասնել բանակցային սեղանի շուրջ, քան մարտի դաշտում: Վանսը միաժամանակ յայտարարել է, որ եթէ խաղաղ բանակցութիւնները յաջողութեամբ պսակւեն, Վաշինգտոնի եւ Մոսկւայի միջեւ յարաբերութիւններում վերաբեռնաւորում կը սկսեն:
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողութիւնները դադարեցնելու պլանաւորւած գործարքը, որի մասին աւելի վաղ յայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «շատերին է ցնցելու»։ Միաժամանակ Վենսը նշել է, որ բանակցութիւնների ընթացքում Թրամփը կարող է փոխել իր կարծիքը որոշակի հարցերի շուրջ։
Նախօրէին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բացառել էր Ուկրաինայում ամերիկեան զօրքերի տեղակայումը։ Նա նշել է նաեւ, որ Ուկրաինային իր 2014 թւականի սահմաններին վերադարձնելն անիրատեսական խնդիր է։