«Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի». Զելենսկին քննադատել է ռուս-ամերիկեան բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յայտարարել է, որ մտադիր չէ համաձայնել Ռուսաստանի վերջնագրային պահանջներին: Դրա մասին ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ նա յայտարարել է Անկարայում Ուկրաինայի դեսպանատանը Թուրքիայում բնակւող ուկրաինացիների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահը յիշեցրել է, որ 2022 թւականին Ռուսաստանը գիշերը լայնածաւալ յարձակում է սկսել Ուկրաինայի վրայ, եւ ուկրաինացիները զէնք են վերցրել՝ պաշտպանելու պետութիւնը՝ առանց աշխարհի որեւէ երկրի օգնութեան։
«Ուկրաինային այդ պահին ոչ ոք չօգնեց։ Եւ յետոյ, երբ բոլորը տեսան, որ Պուտինը չի կարողանայ գրաւել մեր պետութիւնը, որ մեր ժողովուրդն ու մեր զինւորականները ոչ մի տեղ չեն գնալու, որ Ուկրաինայի նախագահը ոչ մի տեղ չի փախել, բոլորը հասկացան, որ պէտք է օգնել Ուկրաինային։ Եւ միայն դրանից յետոյ սկսւեց այս կամ այն օգնութիւնը՝ տարբեր երկրներից տարբեր չափերով»,- նշել է Զելենսկին։
Միեւնոյն ժամանակ, ինչպէս նշում է Ուկրաինայի ղեկավարը, այդ պահին Ռուսաստանը վերջնագիր էր ներկայացրել Ուկրաինային՝ կրճատել Ուկրաինայի Զինւած ուժերը, ճանաչել Ուկրաինայի օկուպացւած տարածքները որպէս Ռուսաստանի տարածքներ, եւ Ռուսաստանը ցանկանում է նաեւ Պուտինին ենթարկւող ռուսամէտ ղեկավարութիւն տեղակայել Ուկրաինայում:
«Եւ ես այն տպաւորութիւնն ունեմ, որ հիմա ինչ-որ բանակցութիւններ են ընթանում, եւ դրանք ընթանում են նոյն տրամադրութեամբ։ Բայց դրանք կրկին տեղի են ունենում Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների ներկայացուցիչների միջեւ առանց Ուկրաինայի եւ Ուկրաինայի մասին: Հետաքրքիր է, եթէ մենք ամենադժւար պահին չհամաձայնւեցինք այս բոլոր վերջնագրերին, որտեղի՞ց է այն տպաւորութիւնը, թէ Ուկրաինան հիմա կը համաձայնի դրան»,- ընդգծել է Զելենսկին;
Նա նաեւ յիշեցրել է, որ 2022 թւականին Ռուսաստանը նոյն վերջնագիրն էր ներկայացրել Բելառուսում, ապա Ստամբուլում անցկացւած հանդիպման ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ Կիեւի օկուպացիայի ժամանակ ռուսների հետ պայմանաւորւածութիւններ չենք ունեցել, Բելառուսի հանդիպման ժամանակ, Թուրքիայի հանդիպման ժամանակ պայմանաւորւածութիւններ չենք ունեցել։ Ես՝ որպէս Ուկրաինայի նախագահ, ոչ մէկին ոչինչ չեմ երաշխաւորել, ոչ մէկին ոչինչ չեմ հաստատել։ Աւելին, ես մտադրութիւն չունէի ընդունելու Ռուսաստանի վերջնագրերը. «Եւ ես մտադիր չեմ»,- ընդգծել է Զելենսկին։