Պուտին. «Հաճոյքով կը հանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բաւարար չէ»

«ԱԼԻՔ» – Նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել էր Ռիադում ռուսական եւ ամերիկեան պատւիրակութիւնների բանակցութիւնների արդիւնքները։ Ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Պուտինը յայտարարել է լրագրողների հետ զրոյցում։ Յայտնում է Tert.am-ը:
«Ռուսաստանը առաջին քայլն է արել՝ վերսկսելու ԱՄՆ-ի հետ աշխատանքը տարբեր ոլորտներում, որտեղ կայ փոխադարձ հետաքրքրութիւն, այդ թւում՝ Մերձաւոր Արեւելքը: Ռիադում կայացած հանդիպման նպատակն ու խօսակցութեան առարկան վստահութեան վերականգնումն էր։ Ռուսական պատւիրակութիւնը յայտնել է, որ Էր-Ռիադում բանակցութիւններում եղել են ԱՄՆ-ից մարդիկ, ովքեր բաց են եղել համատեղ աշխատելու համար։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանաւորւել են, որ դիւանագիտական առաքելութիւնների աշխատանքը կը վերսկսւի բնականոն հունով»,- ասել է նա։
«Այստեղ ամենակարեւորը բոլոր շատ հրատապ հարցերի, այդ թւում՝ ուկրաինական կարգաւորման հարցում, այն է, որ առանց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վստահութեան մակարդակի բարձրացման, պարզապէս անհնար է լուծել շատ հարցեր, այդ թւում՝ ուկրաինական ճգնաժամը։
Ռուսաստանը չհրաժարւեց Ուկրաինայի եւ եւրոպացիների հետ բանակցութիւններից, նրանք էին, որ դադարեցրին կամ արգելեցին շփումները: Վաշինգտոնը ելնում է նրանից, որ բանակցութիւնները տեղի կունենան թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Ուկրաինայի մասնակցութեամբ, Կիեւին ոչ ոք չի բացառում»,-նշել է Պուտինը։
Խօսելով Թրամփի հետ հանդիպման մասին, նա նշել է, որ դրան դեռ պէտք է նախապատրաստւել։
«Ես հաճոյքով կը հանդիպեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վաղուց նրան չեմ տեսել, սակայն դա նախապատրաստութիւն է պահանջում։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններն այսօր այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բաւարար չէ։
Մենք պէտք է պատրաստւենք տարբեր հարցերի շուրջ ընդունելի լուծումների հասնելու համար։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխօսութեան մէջ միջնորդների կարիք չկայ։ Թրամփի հետ հանդիպում անցկացնելու ցանկութիւնը երկկողմանի է»,- նշել է Պուտինը։