Տարածաշրջանային արձագանգներ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւններին

«ԱԼԻՔ» – Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների վերաբերեալ իրանական ԶԼՄ-ներում հրապարակւած մեկնաբանութիւններն առայժմ խօսում են դրական մօտեցումների մասին: Այս շարքից «Թասնիմ»-ը հետաքրքրւել է տարածաշրջանի երկրների պաշտօնական արձագանգներով նաեւ, որտեղ եւս առկայ է դրական մօտեցում:
Աղբիւրի համաձայն՝ Սաուդիան Արաբիայի, Քուվէյթի եւ Կատարի արտաքին գործերի նախարարութիւնները առանձին յայտարարութիւններով ողջունել են Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները։
Tasnim-ը նշել է, որ Սաուդիան Արաբիան արձագանգել եւ ողջունել է Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնները:
Սաուդիան Արաբիայի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութեան մէջ նշւած է. «Մենք ողջունում ենք Իրանի եւ Միացեալ Նահանգների (անուղղակի) բանակցութիւնները եւ բարձր գնահատում երկխօսութեան մօտեցումը՝ վերջ դնելու տարածաշրջանային եւ միջազգային բոլոր վէճերին ուղղւած ջանքերով»:
Կատարն ու Քուվէյթը եւս ողջունել են Օմանում տեղի ունեցող բանակցութիւնները
Կատարն ու Քուվէյթը նոյնպէս ողջունել են Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնները։
Կատարի ԱԳՆ-ն այս առնչութեամբ յայտարարութիւն է տարածել, որտեղ ասւած է. «Մենք ողջունում ենք Օմանի միջնորդութեամբ Մասղաթում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցութիւնները եւ բարձր ենք գնահատում դրանցում տիրող դրական մթնոլորտը, նաեւ այդ վերաբերեալ կողմերի յայտարարութիւնները»:
Իրաքը եւս ողջունել է Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնները
Իրաքի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնների անցկացումը:
Իրաքի ԱԳՆ յայտարարութեան մէջ ասւում է, որ Իրաքը յուսով է, որ այդ բանակցութիւնները մօտ ապագայում դրական արդիւնքների կը յանգեցնեն եւ բերելու են լարւածութեան նւազեցմանը, եւ վստահութեան ձեւաւորմանը՝ երկու կողմերի միջեւ, ինչը համահունչ է տարածաշրջանի ժողովուրդների շահերին եւ ամրապնդելու է անվտանգութիւնն ու խաղաղութիւնը:
Արաբական Միացեալ Էմիրութիւնների ԱԳ նախարարը եւս արձագանգել է բանակցութիւններին: Նա հեռախօսազրոյց է ունեցել Օմանի իր գործընկերոջ հետ՝ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւններից յետոյ, եւ բարձր գնահատել կատարւածը:
ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բէն Զայէդը հեռախօսազրոյցի ժամանակ յայտարարել է, դրական է գնահատում Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների միջեւ Օմանի միջնորդութեամբ անցկացւող բանակցութիւնները, յոյս յայտնելով, որ արդիւնքում կողմերը վերանայելու են անցեալից եկած վերաբերմունքը միմեանց նկատմամբ: