Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էնթընի Պորտանտինօ. «Միջազգային հանրութիւնը ձախողել է Արցախի հարցում»

Մենք բոլորս պէտք է խօսենք այն ամենի մասին, ինչ արել է Ադրբեջանը Արցախի եւ արցախահայութեան հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթընի Պորտանտինօն:

«Բոլորը վշտացած են այն ամենով, ինչ պատահեց Արցախում: Ոչ ոք չի երջանկանում կատարւածով: Ակնյայտ է, որ միջազգային հանրութիւնը ձախողել է այս հարցում՝ նախ շրջափակման առումով, յետոյ փախստականների մասով: Դա կոտրում է մեր սրտերը: Պատերազմից յետոյ չորս անգամ լինելով Արցախում՝ հիացած եմ մարդկանց ցուցաբերած դիմադրութեամբ: Մենք բոլորս պէտք է քայլ անենք, քննադատենք պոտենցիալ ցեղասպանութիւնը եւ թուրք-ադրբեջանական ագրեսիան, շատ բան կայ անելու: Մենք բոլորս պէտք է բարձրաձայնենք եւ խօսենք այն ամենի մասին, ինչ արել է Ադրբեջանը եւ շարունակում է անել»,- ասել է Պորտանտինօն:

Նա ընդգծել է՝ այն ամէնը, ինչ արել է Ադրբեջանը, բաւարար է, որ ԱՄՆ-ն սկսի պատժամիջոցներ կիրառել:

«Այն ամէնը, ինչ արել է Ադրբեջանը, բաւարար է, որ ԱՄՆ-ն սկսի պատժամիջոցներ կիրառել: Բայց ոչ միայն ԱՄՆ-ն, այլ ամբողջ միջազգային հանրութիւնը, մարդու իրաւունքներով զբաղւող համայնքը պիտի խօսի խաղաղ բնակչութեան հայրենիքից տեղահանւելու դէմ: Արցախցիների հանդէպ Ադրբեջանի իրականացրած գործողութիւնների համար որեւէ արդարացում չկայ: Շրջափակումն արդէն իսկ հակամարդկային էր, որին միջազգային հանրութիւնը պատշաճ չարձագանգեց, ինչն էլ յանգեցրեց նոր ագրեսիայի: Եթէ չլինէր հայերի ներքին ուժն ու դիմադրութիւնը, պարզ չէ՝ ինչ կը լինէր նրանց հետ»,- նշել է սենատորը:

Պորտանտինօն շեշտել է, որ միջազգային հանրութիւնը քայլ չի անում ու չի պաշտպանում հայկական հարցն աւելի ուժեղ, քան կարող է:

«Զազրելի է, որ միջազգային հանրութիւնը քայլ չի անում ու չի պաշտպանում հայկական հարցն աւելի ուժեղ, չի քննադատում ադրբեջանցիներին ու թուրքերին: Թրամփի ադմինիստրացիան աչք էր փակում Էրդողանի ագրեսիւ պահւածքի վրայ, դա պարսաւանքի է արժանի: Կարծում եմ՝ Բայդէնի ադմինիստրացիան պէտք է աւելի ուժեղ կանգնի հայերի եւ Արցախի կողքին: Մենք խօսում ենք աշխարհով մէկ դեմոկրատիան պաշտպանելու մասին, իսկ Հայաստանը դեմոկրատական երկիր է:

Ճիշտ է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ մենք այնտեղ ՆԱՏՕ-ի բազա ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի խօսենք մարդու եւ քաղաքացիական իրաւունքների ոտնահարման, տոտալիտարիզմի, բռնապետութեան դէմ: Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, եւ երբ նրանք սահմանափակում են լրատւամիջոցներին, մենք պիտի խօսենք այդ ամենի մասին: Նրանք իրենց լաւ հարեւանի պէս չեն պահում՝ սատարելով Ադրբեջանի ագրեսիան Արցախի դէմ»,- եզրափակել է սենատորը:

Related Articles

Back to top button