Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Մարգարեան. «Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողովրդին»

Մեր ժողովրդին պէտք է ոչ թէ վախեցնել, այլ ասել, որ հայրենիքի համար կռւելը կեանքի ամենամեծ իմաստն է

«ԱԼԻՔ» – «Պէտք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարւող է։ Եթէ ժողովրդի մէջ դրսեւորւում են հոռի երեւոյթներ, թերութիւններ, վախ, անտարբերութիւն, մեղաւորը ղեկավար ուժն է։ Խօսքը միայն իշխող ուժի մասին չէ։

Մեր ժողովրդի այսօրւայ անտարբերութիւնն ու պասիւութիւնը պէտք է մեկնաբանել ու բացատրել նրանով, որ ճար չունեն, ելք չեն տեսնում։ Իբր այդ ընկճւածութիւնը քիչ է, բոլորը, առաջին հերթին՝ իշխանութիւնները, համոզում են, թէ ելք չկայ։ Գրեթէ ահաբեկում են մեր ժողովրդին, թէ պատերազմ կը լինի, շուտով կը յարձակւեն, կամ էլ՝ բա որ յանկարծ խաղաղութեան պայմանագիր չստորագրւի։ Ընդդիմութիւնն ասում է, թէ խաղաղութեան պայմանագիրն էլ օգուտ չունի, մէկ է՝ յարձակւելու են, այսինքն՝ մենք ամէն կերպ վախեցնում ենք մեր ժողովրդին»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ, «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը։

«Ժողովուրդը տեսնում է, որ ելք չկայ՝ ո՛չ խաղաղութեան պայմանագիրն է ելք, ո՛չ էլ մի այլ լուծում։ Մենք ենք մեր ժողովրդին այս վիճակին մատնել։ Երբ մենք վախենում ենք պատերազմից, կռւից, դիմադրելու մասին խօսելուց, երբ խուսափում ենք ասել, որ, եթէ մեր հայրենիքը վտանգւած է, բոլորս պէտք է ոտքի կանգնենք, գնանք սահման, պաշտպանենք մեր հայրենիքը, երբ այս խօսոյթը պակասում է, նշանակում է՝ մենք վախեցնում ենք մեր ժողովրդին։ Սեւակն ասել է՝ ապրելու կէսը պատւով մեռնելն է։

Այս տեսակ կեանքն ո՞ւմ է պէտք, ո՞ւմ երեխային, եթէ երեխաների համար է, որ մենք չենք ուզում կռիւ ու պատերազմ լինի։ Պէտք չէ փորձել կռիւ ու պատերազմ հրահրել, բայց պէտք չէ նաեւ ժողովրդին պատերազմով վախեցնել։ Մէկ է՝ այն կը լինի, ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ պատերազմ չի լինելու»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ասում են՝ Հայաստանից, մեր ընտանիքներից երեխաներին փախցնում են, որ բանակ չգնան։ Բայց ծնողները երեխաներին փախցնում են, որ այս տեսակ բանակ չգնան։ Անհաւատալի է, որ հայ մարդը դադարի հայրենիքի համար կռւելուց։

Անցած տարիներին բազմիցս եղել է, որ հեռաւոր Ռուսաստանից աւտոբուս են վարձել այն մարդիկ, որոնք արդէն արտագաղթել էին, հեռացել էին հայրենիքից, գնացել էին խոպան աշխատելու, ոչ էլ պարտադրանք կար, որ բանակում ծառայեն։ Նրանք աւտոբուսով գալիս էին եւ ուղիղ գնում Արցախ։ Հեռաւոր Ռուսաստանից մարդիկ օրերով աւտոբուսով գալիս-հասնում էին Արցախ»,- նշել է Հրանտ Մարգարեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ մեր ժողովրդին պէտք է ոչ թէ վախեցնել, այլ ասել, որ հայրենիքի համար կռւելը կեանքի ամենամեծ իմաստն է․

«Մեր ժողովրդին պէտք է ուրիշ ոգի ներշնչել։ Մի շարք մարդիկ քէֆի մէջ են, շատ բան չեն գիտակցում, որովհետեւ մենք չենք օգնում, որ գիտակցեն։ Մենք ի՞նչ ենք քարոզում, թերթէք հեռուստացոյցի ալիքները։

Մենք ի՞նչ հասարակութիւն ենք դաստիարակում։ Ասում են՝ պատերազմի ժամանակ խաղաղութեան մասին խօսելն է սխալ, խաղաղութեան ժամանակ՝ պատերազմի։ Մենք որտե՞ղ ենք, պարտւած ենք ու չենք խօսում պայքարի, միանալու, մեր բանակը հզօրացնելու մասին, չենք մտածում, թէ ինչպէս պէտք է արդիական միջոցներով կարողանանք ուժ ձեւաւորել եւ կուտակել։ Ինչպէ՞ս պիտի մեր 3 միլիոնանոց ժողովրդի վրայ կուտակել 10 միլիոնանոց Սփիւռքի ուժը»:

«Նախքան պատերազմն ակնյայտ էր, որ այն լինելու է։ Բոլոր փաստերն այդ մասին էին վկայում։ Հետաքրքրական է՝ եթէ մենք գիտէինք, որ պատերազմ է լինելու, պատրաստւում էինք այդ պատերազմում յաղթելո՞ւ, թէ՞ պարտւելու։ Մենք գիտակցաբար գնում էինք պարտւելու, դա ակնյայտ էր։

Այն ուժը, որն ուզում է յաղթել, բանակը հզօրացնում է, ամրապնդում է, ազգային միասնականութիւն է ստեղծում, ներքին հակադրութիւնները վերացնում է, միասնական ճակատ է ստեղծում։ Մեզ մօտ ճիշտ հակառակն էր տեղի ունենում։

Իսկ ցանկացած պատերազմի մէջ հոգեբանական տարր կայ»,- ամփոփել է Հրանտ Մարգարեանը:

Related Articles

Back to top button