Տարօն Տօնոյեան. «Մարդն ինչ առաքելութեամբ որ բերւել է իշխանութեան, շարունակում է իր գործը»

Հանրութիւնը վերջին օրերին ակտիւ քննարկում է Փաշինեան-կաթողիկոս հեռակայ վէճը, որն աւելի շատ նման է մենախօսութեան: Նիկոլ Փաշինեանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցէին տարատեսակ մեղադրանքներ յղելուց յետոյ անցել է յստակ գործողութիւնների: Եւ չնայած ՀՀ սահմանադրութիւնը տարանջատում է եկեղեցին պետութիւնից, Նիկոլ Փաշինեանը, սահմանադրական կարգը տապալելով, գրոհ է սկսել եկեղեցու դէմ: Գրում է, որ Վեհափառին պէտք է դուրս բերել Վեհարանից, իսկ երէկ գրել է, որ համակարգող խորհուրդ է ձեւաւորում՝ նոր կաթողիկոս ընտրելու համար, այն դէպքում, երբ օրէնքն արգելում է գործադիր իշխանութեանը՝ միջամտել եկեղեցու գործերին, առաւել եւս՝ կաթողիկոս ընտրել: Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնը ոմանք որակում են որպէս բացայայտ քաղաքացիական պատերազմի կոչ: Տեղեկութիւններ են շրջանառւում, թէ Փաշինեանին այս հարցում աջակցում են մի շարք կրօնական կազմակերպութիւններ. «Կեանքի խօսք», «Եհովայի վկաներ», «50-ականներ» եւ այլ աղանդներ՝ ինչպէս ժողովուրդն է բնորոշում: Իսկ հայաստանեան ընդդիմութիւնը զբաղւած է ներքին վէճերով, իմպիչմենտի շուրջ անպտուղ զրոյցներով, հանրութիւնն անգամ չի ընկալում, թէ ինչի մասին է խօսքը, եւ ինչպէս կարող է փոքրամասնութիւն ներկայացնող խորհրդարանական ընդդիմութիւնն անվստահութիւն յայտնել Նիկոլ Փաշինեանին:
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, արցախեան երեք ճակատամարտերի մասնակից, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանի հետ:
– Երկրում բազմաթիւ խնդիրներ կան, ամենաակտուալ թեման եկեղեցու դէմ սկսւած իշխանական գրոհն է, իսկ խորհրդարանական ընդդիմութիւնը հանրութեանը ոչ թէ պայքարի է կոչում, այլ ինչ–որ անընկալելի թեմաներ է քննարկում, օրինակ՝ իմպիչմենտի մասին: Իսկ հանրութիւնը, յատկապէս ընդդիմադիրներին քւէ տւած քաղաքացիները, ակնկալում են, որ նրանք պայքարի դուրս կը գան եւ կառաջնորդեն իրենց: Որպէս դաշնակցական՝ ինչպէ՞ս էք գնահատում այս իրավիճակը, ՀՅԴ–ն չի՞ փորձել վիճաբանող կողմերին՝ Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի թիմերին հաշտեցնել, ընդհանուր յայտարարի բերել:
– ՀՅԴ-ն ազգային ազատագրական պայքարի, երկիրը ճգնաժամից հանելու միակ ճանապարհը տեսել է ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբմամբ: Մենք այդպէս ենք կարծել եւ առաջնորդւել ենք այդ գաղափարով՝ Հայրենիքի փրկութեան շարժման, Դիմադրութեան շարժման եւ բոլոր ընդդիմադիր շարժումների ժամանակ: Այս պահի դրութեամբ մենք հասկանում ենք, որ միայն Նիկոլ Փաշինեանին հեռացնելով չէ, որ յաղթահարելու ենք մարտահրաւէրները, դրանից յետոյ էլ պէտք է կարողանանք իրավիճակից դուրս գալ, իսկ առանց միասնականութեան, մանր-մունր հարցերի շուրջ իրար հետ վիճելով, հաստատ, տանուլ ենք տալու երկիրը եւ յաջողութեան չենք հասնելու: Մինչեւ վերջին շրջանը մենք փորձել ենք անել ամէն ինչ, որպէսզի առճակատումն աւելի չխորանայ, կարմիր գծերը չհատւեն նորովի, չգիտեմ, թէ որքան է դա մեզ յաջողւել, սակայն արել ենք դա: «Հայաստան» ֆրակցիան արել է յայտարարութիւն, Դաշնակցութեան Բիւրօն է յայտարարութիւն արել, մենք կարծում ենք, որ այս պահի դրութեամբ ռէալ չէ իմպիչմենտով հասնել յաջողութիւնների, բայց գուցէ կան հարցեր, որոնց մենք չենք տիրապետում, միւս թեւը տիրապետում է: Ամէն դէպքում, «Հայաստան» ֆրակցիայի պատգամաւորները տւել են իրենց համաձայնութիւնը եւ իմպիչմենտին միանալու են, բայց, միեւնոյն ժամանակ, մեր ժողովրդին պէտք է անընդհատ զգօն պահենք: Մեր հիմնական խնդիրը երկրի անվտանգութեան հարցն է, անվիճելի փաստ է, որ եկեղեցին պետութեան յենասիւներից է: 1700 տարւայ եկեղեցին իր պատմութեամբ արդէն իսկ ապացուցել է մեզ դա: Բարձրացնում են կուսակրօնութեան հարցեր, իբրեւ թէ առաջնորդւում են դրանով, բայց սա ո՛չ կուսակրօնութեան հարց է, ո՛չ էլ անգամ անձերի հարց է, այստեղ խնդիրը Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող հրահանգներն են, որոնք պարտաճանաչ կատարում է թուրք-ադրբեջանական զինւորը, այդ դաւաճանը: Յուսանք՝ այս ընթացքում շատ բաներ ջրի երես կը բարձրանան: Տայ Աստւած, որ իմպիչմենտով կարողանանք ազատւել չարիքից: Մենք միայն ուրախ կը լինենք, մեզնից հասնում է աջակցել, մենք աջակցում ենք:
– Նիկոլ Փաշինեանը խորհուրդ է ձեւաւորում՝ կաթողիկոսին փոխարինող գտնելու համար, Ձեր կարծիքով՝ այս հարցում յաջողութիւն կունենա՞յ, եթէ հաշւի առնենք, որ հաւաքական ընդդիմութիւնը, որից հանրութիւնը սպասելիքներ ունի, զբաղւած է իմպիչմենտով:
– Նիկոլ Փաշինեանը վաղուց է բռնել բռնապետութեան ճանապարհը, սա արդէն որեւէ մէկի մօտ կասկած չի յարուցում, մենք վաղուց դադարել ենք զարմանալ նրա գործողութիւնների վրայ: Մարդն ինչ առաքելութեամբ որ բերւել է իշխանութեան, շարունակում է իր գործը՝ Արցախը յանձնելուց յետոյ արդէն Հայաստանն է մաս-մաս անում: Կը յաջողւի՞ նրան եկեղեցու դէմ պայքարում յաջողութեան հասնել, կարծում եմ՝ ոչ, վստահ եմ, որ նա տարբեր դաւաճանների է գտնելու, անգամ՝ եկեղեցու ներսից, ինչը կը յանգեցնի եկեղեցու թուլացմանը, սակայն դա էլ է ժամանակաւոր բնոյթ կրելու: Ինչ վերաբերում է ընդդիմութիւնից սպասելիքներ ունենալուն, ապա հասարակութիւնը եթէ մեզնից սպասելիքներ ունի, ապա հարց է, թէ քանի տոկոսի մասին է խօսքը: Մենք հասարակութեան աջակցութեան կարիքն ունենք, ցաւօք, նախորդ շարժումները չյաջողեցինք, այնուամենայնիւ կարծում եմ՝ դրանք շատ աւելի լաւ կազմակերպւած էին, քան Նիկոլի կազմակերպած շարժումները: Տարբերութիւնն այն է, որ Նիկոլն ունեցաւ աջակցութիւն, ինչպէս նաեւ այլ գործօններ նպաստեցին նրա յաջողութեանը, իսկ մենք այսօր ունենք աջակցութեան կարիք: Սակայն երբ ճիշտ հաշւարկներ անենք, անպայման դուրս կը գանք փողոց, որպէսզի մեր մեթոդներով, մեր միջոցներով կարողանանք պաշտպանել մեր եկեղեցին ու պետութիւնը, բայց թէ որն է լինելու տրիգերը, որ մարդիկ դուրս գան պայքարի՝ չգիտեմ: Ինձ թւում է՝ եկեղեցու դէմ սկսւած արշաւն արդէն իսկ լուրջ նախադրեալ է: Շատ կարեւոր է նաեւ ընդդիմութեան միասնականութիւնը, թէ որքանով այն կը յաջողի, պարզ կը լինի առաջիկայում, ինչից յետոյ կը հասկանանք մեր անելիքները: Բնականաբար, ժողովուրդն ունի առաջնորդողի կարիք: Ցաւօք, մեր ժողովուրդը միշտ յոյսեր է կապում անձերի հետ, չկայ հաւաքական պատասխանատւութեան զգացում, մարդիկ անդադար ինչ-որ դէմքերի են ուզում տեսնել: Օրինակ, Դաշնակցութեանը պէտք է վստահել ընդհանուր կերպով, որպէս 135 տարւայ կուսակցութիւն, բայց ժողովուրդը շարունակ անուններ է ուզում լսել՝ ինստիտուտները կարեւորելու փոխարէն: