Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Իշխան Սաղաթէլեանը՝ Մակրոնին. «Ձեր «աջակցութիւնը» Փաշինեանին նպաստում է ոչ թէ ժողովրդավարութեան, այլ` բռնապետութեան կայացմանը Հայաստանում»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի նախագահի յայտարարութիւնը, ցաւօք, խրախուսում է Հայաստանում ձեւաւորւող աւտորիտար համակարգը։

«Յարգելի նախագահ Էմմանուէլ Մակրոն,

Ձեր «աջակցութիւնը» Նիկոլ Փաշինեանին փաստացի նպաստում է ոչ թէ ժողովրդավարութեան, այլ բռնապետութեան կայացմանը Հայաստանում եւ տարածաշրջանում նոր բռնապետի ի յայտ գալուն։

Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտօնեաները եւ Դուք խրախուսել էք Հայաստանի իշխանութիւններին, այսպէս կոչւած, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար աւարտւել է աղէտով։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը եւ հայաթափումը դրա ողբերգական վկայութիւնն է։

Միջազգային յարաբերութիւններում այսպիսի յայտարարութիւնները, ընդհանրապէս, դիտւում են որպէս ուղիղ միջամտութիւն երկրների ներքին գործերին։

Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնութեան, ժողովրդի իրաւունքների, նաեւ իրական ժողովրդավարութեան համար:

Կարիք չկայ հարւածել հայ-ֆրանսիական բարեկամութեանն ու ժողովրդավարութեան անւան տակ լեգիտիմացնել բռնապետութեան հաստատումը Հայաստանում»,- յայտարարել է Իշխան Սաղաթէլեանը։

Նշենք, որ նախօրէին Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց է ունեցել Նիկոլ Փաշինեանի հետ, որը որակել է «շատ լաւ»։

«Յայտնեցի Ֆրանսիայի համերաշխութիւնն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարութիւնն ապակայունացնելու փորձերի։

Նաեւ վերահաստատեցի մեր աջակցութիւնը նրա խիզախ ջանքերին՝ ուղղւած Ադրբեջանի հետ խաղաղութեան հաստատմանը եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը։

Խաղաղութիւնը եւ բաց սահմանները կարեւոր զարգացում կը լինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ օրինակ՝ դրա սահմաններից անդին»,- X-ում գրել է  Մակրոնը։

Related Articles

Back to top button