Միահամուռ ուժերով ու հաւատքով դառնանք Սուրբ Էջմիածնի արթուն պահակները
Փաշինեանը պատրաստւում է գրոհել հայոց Սրբոց Սրբութեան վրայ

«ԱԼԻՔ» – ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը երէկ՝ յուլիսի 20-ին, իր սովորոյթի համաձայն, ֆէյսբուքեան երկու գրառում է կատարել՝ բարձրաձայնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ներխուժելու իր գեհենական մտադրութեան մասին:
«Տիեզերական արդարադատութեան» ինքնահռչակ «առաքեալը», որը սեփական անձը յայտարարել է որպէս՝ «պետութիւն ու եկեղեցի», «օրէնք ու կանոն», «ամենից ու ամենատես», «մշտնջենական ու ամենուրեք», «ապաշխարող հաւատացեալ», իր վրայ է վերցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ եկեղեցականների «դատողի» գործառոյթը, եւ աղանդաւորական շրջանակների կողմից «սրբագրւած» Աւետարանից տողեր տարածելով, իր կեղտոտ եւ անբարոյ գրառումներով հիացած ժէխի ու իրենց հոգիները 30 արծաթով նեռին վաճառած ուժայինների գլուխն անցած, մտադիր է ոչ աւել ոչ պակաս՝ «ազատել» վեհարանը:
Նա իր կողմնակիցներին կոչ է արել այսօր պատրաստւեն «մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի հրապարակում»: Աւելի վաղ, նա իր հետեւորդներին ազդարարել էր՝ «պատրաստ լինեն Վեհարանն ազատելուն»։
Եւ այս բոլորն այն դէպքում, որ նոյն այս անձն ամէն անգամ թշնամուն հանդիպելիս, չգիտես ինչ «հրաշքով» յանկարծ կերպարանափոխւում ու ինչպէս ժողովուրդն է ասում՝ դառնում է կուռկուռի ձագ, ծնկում, չոքում է նրա դէմ, կողքից քայլում է գլխիկոր՝ կուլ տալով նրա բոլոր ծաղրանքներն ու նւաստացումները:
Այս բոլորից յետոյ, անհնար է չհամաձայնւել Հայ Առաքելական Եկեղեցու Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերութիւնների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատեանի հետ, ով անդրադառնալով Մայր Աթոռի վրայ գրոհելու Փաշինեանի մտադրութեան մասին, իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Հայաստանի գործող վարչապետը, հաւատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրութեանը, յայտարարել է Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ յարձակում կազմակերպելու մտադրութեան մասին։ Դժւար է բառեր գտնել այս երեւոյթը նկարագրելու համար։ Դժւար է նաեւ հաւատալ, որ Էջմիածինը պատրաստւում են գրոհել ոչ թէ մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները…»:
Օրհասական այս օրերին, երբ նժարին է դրւած հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը, երբ վտանգւած են մեր բոլոր սրբութիւնները, երբ նեռի չարապետութեան թիրախում է յայտնւել հայոց հոգեւոր պատւարը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իւրաքանչիւր արժանապատիւ հայ մարդու, հաւատաւոր քրիստոնեայի ազգային եւ հոգեւոր պարտքն է դառնալ իր Սրբոց Սրբութեան՝ Մայր Աթոռի պաշտպանն ու պահակը:
Հայաստանին եւ հայ ժողովրդին ծանր փորձութիւն է սպասւում: Մենք այլ ելք չունենք, քան միահամուռ ուժերով եւ հաւատքով ընդունենք մարտահրաւէրն ու պատւով կատարենք մեր պարտքը: ՀՈԳԵՒՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ յաղթանակը չպէտք է լինի այլընտրանք, այլապէս մեր կործանումն կը դառնայ անխուսափելի: