
«ԱԼԻՔ» – Իրանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակման վերաբերեալ մնում է անփոփոխ: Այս մասին երէկ՝ յուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով նախօրէին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւնները:
«Մենք աջակցում եւ հաւանութիւն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջեւ փոխանակումների եւ յարաբերութիւնների ընդլայնմանը եւ միշտ ընդգծել ենք, որ այդ միջոցները եւ այդ անցումների ստեղծումը չպէտք է վտանգեն ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանները, ինչպէս նաեւ փոփոխութիւններ կատարեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան մէջ», – նշել է ԱԳՆ խօսնակը:
Յիշեցնենք, որ բռնազաւթւած Ստեփանակերտում անցկացւած ֆորումի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ Հայաստանը կարող է յայտնւել քաղաքական մեկուսացման մէջ, եթէ չապահովի այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը: Նա նշել է, որ Բաքւին անհրաժեշտ է Ադրբեջանի արեւմտեան հատւածի եւ Նախիջեւանի միջեւ «անարգել հասանելիութիւն»։ Ընդ որում, ըստ նրա՝ ադրբեջանցիները, անվտանգութիւնից ելնելով, «չպէտք է հանդիպեն հայ սահմանապահների»։
Ադրբեջանի բռնապետը նաեւ յստակեցրել է, որ ենթադրեալ միջանցքի տարածքում «չեն լինելու ո՛չ օպերատորներ, ո՛չ վարձակալութիւններ», ինչը, ըստ էութեան, նշանակում է ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի լիարժէք իրաւազօրութեան պահանջ: