ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինային գազ մատակարարելու Ադրբեջանի որոշմանը

«ԱԼԻՔ» – ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Lenta.ru-ի հետ զրոյցում յայտարարել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարումներն ակնյայտօրէն ուղղւած են Կիեւին աջակցելուն։ Հաղորդում է News.am-ը:
Պատգամաւորի խօսքով՝ Բաքւում նման քայլերը կարող են բնորոշւել որպէս բազմավեկտոր քաղաքականութիւն, սակայն վերջին շրջանում աւելի ու աւելի են ուժեղանում այն վեկտորները, որոնք զուգահեռ չեն ռուսական քաղաքականութեանը։
«Ուկրաինային գազ մատակարարելու մասին որոշումն ակնյայտօրէն ուղղւած է վերջինիս աջակցելուն։ Հէնց այդպէս էլ պէտք է գնահատել այդ որոշումը՝ որպէս նոյն այն ուղղութեան շարունակութիւն, որն արդէն իսկ մի շարք բացայայտումների է յանգեցրել Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Զատուլինը։
Նա յաւելել է, որ Ադրբեջանը չի հրաժարւում Ռուսաստանի հետ յարաբերութիւններում շահեր փնտրելուց, սակայն այժմ այդ որոնումները դառնում են երկրորդական։ Առաջին պլան է մղւում ծրագիր, որով նա պէտք է «իրեն ներկայացնի մի երկիր, որը Ռուսաստանի հետ դաշնակից չէ եւ որը ոչ մի կերպ չի սահմանափակում իրեն նրա հակառակորդների եւ թշնամիների հետ յարաբերութիւններում»,- յաւելել է Զատուլինը։
Աւելի վաղ ուկրաինական «Նաւթոգազ» ընկերութեան ղեկավար Սերգէյ Կորեցկին յայտնել է, որ Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կը ներմուծի Տրանսբալկանեան միջանցքով։