Արաղչի. «Իրանը եւ Հայաստանը՝ ընդհանուր պատմութեան եւ ապագայի արտացոլում»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՀՀ այցի նախօրէին, յօդւած է հրապարակել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրութիւններին եւ պատմական անցեալին:
Յօդւածում ընդգծւում է, որ համաշխարհային անորոշութեան եւ տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի եւ Հայաստանի շահերը աւելի ու աւելի են միահիւսւում:
Յօդւածն ամբողջութեամբ ներկայացրել է «Արմէնպրես»-ը.
«Մինչ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Նորին Գերազանցութիւն դոկտոր Մասուդ Փեզեշքիանը պատրաստւում է պաշտօնական այց կատարել Հայաստան, յիշենք հայ մեծանուն գրող-բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի խորիմաստ խօսքերը, որից բխում է այն միտքը, որ ընկերութիւնը նման է խոր արմատներ ունեցող ծառի. որքան շատ ջրես, այնքան աւելի պտղաբեր եւ հաստաբուն կը դառնայ։
Այս գեղեցիկ փոխաբերութիւնը կատարելապէս նկարագրում է մեր ժողովուրդների միջեւ եղած անսասան կապը՝ յարաբերութիւններ, որոնք սնուցւել են դարաւոր մշակութային փոխանակման, փոխադարձ յարգանքի եւ համատեղ փորձի միջոցով։
Երկու ժողովուրդների ընդհանուր տօնակատարութիւնները, ինչպիսիք են Մեհրեգանը, Նաւասարդը եւ Վարդավառը, ինչպէս նաեւ Իրանում կենսունակ հայկական համայնքի ներկայութիւնը, որը սերունդներ շարունակ բարգաւաճում է, եւ իհարկէ, Իրանի եւ Հայաստանի փոխկապակցւած պատմութիւնը, այս ամէնն էլ երկու ժողովուրդների համակեցութեան հարուստ դրսեւորումներ են։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առաջին երկրներից մէկն էր, որը 1991 թւականին ճանաչեց Հայաստանի անկախութիւնը. որոշում, որը ցոյց է տալիս մեր յարաբերութիւնների խորութիւնը եւ կարեւոր պատմական պահերին հարեւանների կողքին լինելու մեր յանձնառութիւնը։
Իրանի եւ Հայաստանի միջեւ համերաշխութիւնը այսօր էլ շարունակւում է Իրանի բարգաւաճող հայկական համայնքի միջոցով: Իրանահայերը երկրի ամենամեծ կրօնական փոքրամասնութիւնն են եւ ակտիւօրէն ներգրաււած են Իրանի հասարակական կեանքի բոլոր ոլորտներում՝ սկսած խորհրդարանում ներկայացւածութիւնից մինչեւ մշակոյթի պահպանումը՝ իրենց եկեղեցիների եւ հաստատութիւնների միջոցով, ինչը վկայում է Իրանի կողմից կրօնական բազմազանութեան նկատմամբ յարգանքի մասին:
Տնտեսական ոլորտում մեր գործընկերութիւնը նոյնպէս վկայում է փոխշահաւէտ նմանատիպ իրողութեան մասին։
Այն փաստը, որ Իրանը նոյնիսկ անարդար միակողմանի պատժամիջոցների պայմաններում մնացել է Հայաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերներից մէկը, ցուցիչ է, որ երկու երկրները միմեանց համար յուսալի գործընկերներ են:
Մեր տնտեսութիւնների փոխլրացումը անթիւ հնարաւորութիւններ է ընձեռում աճի եւ զարգացման համար, որոնք կարող են բարօրութիւն բերել մեր երկու ժողովուրդներին: Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարն էլ աւելի է ընդգծում մեր յարաբերութիւնների ռազմավարական կարեւորութիւնը։
Համաշխարհային անորոշութեան եւ տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի եւ Հայաստանի շահերը աւելի ու աւելի են միահիւսւում։
Որպէս բնական դաշնակիցներ, մեր ընդհանուր սահմանը ոչ միայն աշխարհագրական իրողութիւն է, այլեւ կամուրջ էներգետիկայի, տրանսպորտի, մարդկային կապերի եւ տարածաշրջանային անվտանգութեան ոլորտներում համագործակցութեան համար։
Իրանը շարունակում է անսասան մնալ Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեանը աջակցելու գործում՝ հասկանալով, որ Հայաստանի անվտանգութիւնը, բարօրութիւնը եւ բարեկեցութիւնն այն է, ինչին ձգտում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, եւ դա նպաստում է մեր հարեւանութեան աւելի լայն կայունութեանը։
Իրանն իրեն պարտաւորւած է համարում աջակցելու տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը եւ ընդգծում, որ անվտանգութեան եւ կայուն խաղաղութեան ապահովումն ու տարածաշրջանում ցանկացած ծրագրի իրականացումը պայմանաւորւած է բոլոր երկրների տարածքային ամբողջականութեան, ազգային ինքնիշխանութեան, իրաւազօրութեան, փոխադարձ շահերի նկատմամբ յարգանքի, ինչպէս նաեւ միջազգային սահմանների անփոփոխելիութեան եւ արտատարածաշրջանային երկրների ու ուժերի կողմից որեւէ ձեւով եւ որեւէ անւան ներքոյ միջամտութեան բացառման սկզբունքներով։
Այդուհանդերձ, մենք լիովին գիտակցում ենք մեր առջեւ կանգնած հսկայական եւ դեռեւս չօգտագործւած ներուժը․ մեր ներկայիս առեւտրի ծաւալը միայն փոքր մասն է նրա, որ կարող է ձեռքբերւել առաջադէմ հաղորդակցային նախագծերի՝ օրինակ՝ Հիւսիս-Հարաւ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) միջոցով։ Այս կարեւոր միջազգային միջանցքը, որ ունի տասներեք անդամ-երկիր, Իրանի հարաւային նաւահանգիստները կապում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Աֆղանստանի եւ Արեւելեան Եւրոպայի երկրների հետ՝ տրանսպորտային ծախսերը կրճատելով 30 տոկոսով եւ տեղափոխման տեւողութիւնը նւազեցնելով կիսով չափ։ Այս միջանցքի անդամ երկրները կանոնաւոր խորհրդակցութիւնների միջոցով արդիւնաւէտ քայլեր են ձեռնարկել նախագծի իրագործման ուղղութեամբ եւ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել, մասնաւորապէս՝ միջանցքի երկաթուղային ցանցի արագացւած կառուցումը եւ Չաբահարի ովկիանոսեան նաւահանգստի զարգացումը։ Այս ջանքերը կենսական դեր կունենան տարածաշրջանային անվտանգութեան բարձրացման եւ տնտեսական բարգաւաճման գործում:
Մեր գործընկերութեան երաշխիքն է այն, որ յենւելով հզօր պատմական կապերի վրայ՝ մենք կենտրոնանում ենք ապագայի հնարաւորութիւնների վրայ։ Մեր ժողովուրդների մշակութային սերտ կապերն են, որոնք յատկապէս արտայայտւում են իրանցիների պատշաճ յարգալից վերաբերմունքում իրենց հայազգի հայրենակիցների նկատմամբ, ամուր հիմք են ստեղծում, որի վրայ կարող ենք կառուցել աւելի խոր քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցութիւն։
Հէնց այս համատեքստում է, որ նախագահ Փեզեշքիանի այցը ձեռք է բերում յատուկ կարեւորութիւն։ Այս այցը ոչ միայն նշանաւորում է եւս մէկ դիւանագիտական հանդիպում, այլեւ վերահաստատում է մեր համատեղ յանձնառութիւնը՝ մեր յարաբերութիւններում նոր հորիզոններ բացելու ուղղութեամբ։ Պատմական կապերը, աշխարհագրական առումով մօտ գտնւելը, փոխլրացնող տնտեսութիւնները եւ համընկնող տարածաշրջանային շահերը միասին վերցրած հզօր թափ են հաղորդում համագործակցութեան ամրապնդմանը։
Ապագային նայելով՝ մենք տեսնում ենք անսահման հնարաւորութիւններ՝ սկսած համատեղ ենթակառուցւածքային նախագծերից, որոնք ֆիզիկապէս կապում են մեր ժողովուրդներին, մինչեւ ակադեմիական փոխանակումներ, որոնք մեր մտքերն են միմեանց կապում, ինչպէս նաեւ մեր զարգացումը խթանող էներգետիկ գործընկերութիւններից մինչեւ մշակութային նախաձեռնութիւններ, որոնք արժեւորում են մեր ընդհանուր ժառանգութիւնը. այս ամէնը ստեղծում են փոխակերպող գործընկերութեան համար անհրաժեշտ տարրեր։ Այս ճանապարհին պատմական բարի կամքը, փոխադարձ վստահութիւնը, շօշափելի ընդհանուր շահերը եւ, ամենակարեւորը, երկու մայրաքաղաքների քաղաքական կամքը կը լինեն յարաբերութիւնների հետագայ առաւել ամրապնդման հիմնական յենասիւները։
Մեր առաջ բացւող ճանապարհը յստակ է։ Իրանն, ապաւինելով մեր ընդհանուր պատմական անցեալին եւ մեր համատեղ ապագայի հորիզոններին, պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ՝ գրելու երկարատեւ բարեկամութեան յաջորդ գլուխը. գլուխ, որն, անկասկած, առաւել մեծ բարօրութիւն եւ անվտանգութիւն կը բերի ինչպէս մեր երկու ժողովուրդներին, այնպէս էլ տարածաշրջանին եւ նրա սահմաններից դուրս։ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների ապագան շատ պայծառ է, եւ ոչ ոք չի կարող այն շեղել իր ուղուց»: