ՄիջազգայինՔաղաքական

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն եւ ՇՀԿ-ն Պեկինում համագործակցութեան զարգացման «ճանապարհային քարտէզ» են ստորագրել

«ԱԼԻՔ» – Պեկինում՝ ՇՀԿ անդամ պետութիւնների ղեկավարների խորհրդի եւ «ՇՀԿ+» ձեւաչափի նիստի շրջանակում, տեղի է ունեցել Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան, Անկախ պետութիւնների համագործակցութեան եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան բարձրագոյն վարչական պաշտօնեաների հանդիպում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ յղում անելով ՀԱՊԿ-ի մամուլի ծառայութեանը, տեղեկացնում է news.am -ը։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխաւոր քարտուղար Սերգէյ Լեբեդեւը եւ ՇՀԿ գլխաւոր քարտուղար Նուրլան Երմեկբաեւը։

«Ստորագրւել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ համագործակցութեան զարգացման ճանապարհային քարտէզը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի գլխաւոր քարտուղարների համատեղ յայտարարութիւնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 80-ամեակի եւ Միաւորւած ազգերի կազմակերպութեան ստեղծման 80-ամեակի կապակցութեամբ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Այնտեղ նշւում է, որ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային իրավիճակի արդիական հարցերի, ինչպէս նաեւ երեք կազմակերպութիւնների գործունէութեան առաջնահերթ ոլորտների վերաբերեալ»։

«Քննարկւել են տարածաշրջանային անվտանգութեան ոլորտում եւ նոր մարտահրաւէրների ու սպառնալիքների դէմ պայքարում հետագայ զարգացման եւ համագործակցութեան ամրապնդման վերաբերեալ առաջարկութիւնները»,- յաւելել են մամուլի ծառայութիւնից։

Միաձայն կարծիք է յայտնւել, որ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն եւ ՇՀԿ-ը կոչւած են աւելի ու աւելի մեծ դեր խաղալու գլոբալ խաղաղութեան եւ տարածաշրջանային անվտանգութեան պահպանման, անկայունութեան կանխման գործում։ Արձանագրւել է նոր եւրասիական անվտանգութեան ճարտարապետութեան ձեւաւորման, տնտեսական համագործակցութեան եւ մշակութային ոլորտում փոխգործակցութեան զարգացման ուղղւածութիւնը։ Հաստատւել է ինտեգրացիոն նախագծերի զուգորդումն ապահովելու եւ Եւրասիայում զարգացման կենտրոնների յարաբերութիւնները ներդաշնակեցնելու մտադրութիւնը»,- յաւելել են ՀԱՊԿ մամուլի ծառայութիւնից։

Related Articles

Back to top button