ԻրանՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Ցեղասպան ռեժիմի կողմնակիցները պէտք է դադարեցնեն պաղեստինցիների ցեղասպանութեանը մասնակցելն ու մեղսակից լինելը»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային X-ի իր հարթակում անդրադարձել է ՄԱԿ-ի հետաքննիչ յանձնաժողովի զեկոյցին՝ նշել է, որ այն կասկած չի թողնում, որ Իսրայէլի կողմից Գազայում կատարւած յանցագործութիւնները «ցեղասպանութիւն» են։ «Ցեղասպան ռեժիմի կողմնակիցները պէտք է դադարեցնեն պաղեստինցիների ցեղասպանութեանը մասնակցելն ու մեղսակից լինելը»,- ընդգծել է նա:

«Սեպտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի այն ժամանակւայ արտաքին գործերի նախարար Դէյւիդ Լեմմին երկրի խորհրդարանի միջազգային զարգացման յանձնաժողովի նախագահին ուղղւած նամակում պնդել էր, որ Իսրայէլը ցեղասպանութիւն չի իրականացրել։

Նամակում նշւած էր, որ «Ցեղասպանութեան մասին կոնւենցիայի» համաձայն՝ ցեղասպանութեան յանցագործութիւնը կատարւում է միայն այն դէպքում, երբ կայ «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրօնական խումբը ամբողջութեամբ կամ մասնակիօրէն ոչնչացնելու յատուկ մտադրութիւն», եւ կառավարութիւնը չի եզրակացրել, որ Իսրայէլը գործում է նման մտադրութեամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անկախ յանձնաժողովը, որը գլխաւորում է յայտնի իրաւաբան Նաւի Պիլայը, որը զբաղւում է օկուպացւած Պաղեստինում կատարւած յանցագործութիւնների հետաքննութեամբ, այժմ կասկած չի թողնում գազայում կատարւած յանցագործութիւնների եւ վայրագութիւնների բնոյթի վերաբերեալ: Յանձնաժողովը փաստերի եւ տւեալների վրայ հիմնւած 72 էջանոց իրաւական վերլուծութեան արդիւնքում եզրակացրել է, որ Իսրայէլը ցեղասպանութիւն է իրականացնում Գազայում։

Յանձնաժողովը եզրակացրել է, որ Իսրայէլի իշխանութիւնները եւ անվտանգութեան ուժերը ունեցել են եւ շարունակում են ունենալ ցեղասպանական մտադրութիւն՝ ուղղւած Գազայի հատւածում պաղեստինցիների լիակատար կամ մասնակի ոչնչացմանը։

Ցեղասպան ռեժիմի կողմնակիցներն ու ջատագովները պէտք է ստանձնեն իրենց իրաւական եւ բարոյական պատասխանատւութիւնը եւ դադարեցնեն պաղեստինցիների ցեղասպանութեանը մասնակցելն ու մեղսակից լինելը»,- գրել է ԱԳՆ խօսնակը:

Related Articles

Back to top button