
«ԱԼԻՔ» – Կատարական Al Araby հեռուստալիքի հետ զրոյցում, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Snapback-ը համարել է արեւմտեան երկրների անօրինական գործողութիւնները արդարացնելու փորձ՝ ընդգծելով, որ Կահիրէի համաձայնագիրը եւս մէկ անգամ ցոյց տւեց Իրանի ազնւութիւնը եւ Միացեալ Նահանգների ու Եւրոպայի երեսպաշտութիւնը միջուկային հարցում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Անվտանգութեան խորհրդում, հիմնւած չէ գործող օրէնքների վրայ, այլ՝ այն ճնշումների արդիւնքն է, որոնք եւրոպական երկրները եւ Միացեալ Նահանգները գործադրում են թէ՛ տարածաշրջանում, թէ՛ միջազգային կազմակերպութիւններում։ Փաստն այն է, որ մենք հաւատարիմ մնացինք ստորագրւած համաձայնագրին (Համապարփակ գործողութիւնների համատեղ ծրագիր-ԽՄԲ.), բայց հէնց Ամերիկան էր այն խախտողը։ Եւրոպացիները նոյնպէս չկարողացան կատարել իրենց պարտաւորութիւնները։ Թրամփի կողմից համաձայնագրի խզումից յետոյ, Եւրոպայից եւ այլ երկրներից Իրան ժամանած ընկերութիւնների մեծ մասը լքեց Իրանը՝ Միացեալ Նահանգներից վախենալով, եւ Եւրոպան չկատարեց իր պարտաւորութիւններից ոչ մէկը։ Հիմա նրանք, ովքեր իրենք են սխալ թոյլ տւել, փորձում են մեզ ներկայացնել որպէս այն կողմ, որը չի կատարել իր պարտաւորութիւնները։ Սա նոյն ուժի օրէնքն է, որը նրանք ցանկանում են կիրառել ողջ աշխարհում, եւ նոյն մօտեցումն են ընդունել Իրանի նկատմամբ։»
Snapback մեխանիզմը փորձ է արեւմտեան երկրների կողմից իրականացւող անօրինական գործողութիւնները օրինականացնելու համար»,- ասել է նախագահը՝ պատասխանելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները վերականգնելու որոշման մասին հարցին:
Անդրադառնալով Snapback-ի մեխանիզմը չակտիւացնելու համար եւրոպական երեք երկրների ներկայացրած առաջարկին, նախագահը նշել է. «Նրանց ներկայացրած առաջարկը իրականում արդիւնաւէտ չէր։ Նրանք ասում էին՝ յանձնէք մեզ ձեր հարստացւած ուրանը, այդ դէպքում մենք ձեզ երեք ամիս ժամանակ կը տանք մնացած հարցերի շուրջ բանակցելու համար։ Բայց ինչո՞ւ պէտք է մենք նրանց տանք մեր հարստացւած ուրանը։ Ի՞նչ պատճառով։ Եթէ բանակցութիւններ է լինելու, այն պէտք է լինի առողջ խնդրի շուրջ, այլ ոչ թէ մեր պաշարները յանձնելու եւ յետոյ սպասելու մասին։
Եթէ նրանց նպատակը իսկապէս այն է, որ Իրանը չձգտի միջուկային զէնք ձեռք բերել, ապա մենք այդպիսի նպատակ չունենք։ Մենք կարող ենք երկխօսել դրա մասին, կարող ենք ապացուցել դա եւ կարող ենք գործել կատարւած գնահատականների հիման վրայ»:
Նշելով, որ տարածաշրջանում անկայունթեան, լարւածութեան, պատերազմի եւ արիւնահեղութեան հիմնական պատճառը սիոնիստական ռեժիմն է, Փեզեշքիանն ընդգծել է. «Իրանը երբեք նման գործողութիւնների չի ձգտել, չի ձգտում եւ երբեք էլ չի ձգտի։ Մենք բարեկամութեան ձեռքն ենք մեկնել տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ այսօր տարածաշրջանի շատ երկրներ գիտեն, որ մենք իսկապէս գործում ենք իսլամական եղբայրութեան հիման վրայ, բայց խնդիրն այն է, որ նրանք չեն ցանկանում խաղաղութիւն տարածաշրջանում, եւ անկայունութիւնը նրանց համար աւելի օգտակար է, քան խաղաղութիւնն ու կայունութիւնը»: