Զանգւածային անակարգութիւններ՝ Թբիլիսիում
Ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք

«ԱԼԻՔ» – Վրաստանում, երէկ՝ հոկտեմբերի 4-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ:
Ինչպէս հաղորդում են վրացական ԶԼՄ-ները՝ նախնական տւեալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցութիւնը քաղաքային խորհուրդների ընտրութիւններում հաւաքել է ձայների 80,27 տոկոսը: Մասնաւորապէս, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, իշխող կուսակցութիւնը ներկայացնող Կախա Կալաձէն ըստ «Իմեդի» հեռուստաընկերութեան էքզիթ փոլի՝ ստացել է ձայների 77.4%-ը:
Վրաստանում ՏԻՄ ընտրութիւնների ֆոնին, երէկ՝ երեկոյեան զանգւածային ցոյցեր են տեղի ունեցել:Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական նստավայրը: Յատուկ ջոկատայինները ցուցարարներին յետ են մղել Օրբէլիանիի պալատից արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնութեամբ։ Բախումների ժամանակ տուժել է 14 ոստիկան, նրանցից մէկը ծանր վիճակում է։
Վրաստանի նախկին նախագահ, արեւմտամէտ Սալոմէ Զուրաբիշւիլին սադրանք է անւանել Օրբէլիանի պալատի գրոհի փորձը. «Այն, ինչ կատարւում է հիմա, իսկական սադրանք է։ Ես անգամ չգիտեմ, թէ դա ում սցենարն է։ Սա փորձ է՝ կոտրելու այն, ինչն այսօր իսկապէս դիմակայում է ռեժիմին, խաղաղ ցոյց»,- ասել է նա:
Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցութեան հիմնադիր Բիձինա Իւանիշւիլին իր հերթին անդրադառնալով անկարգութիւններին՝ նշել է. «Մենք իրավիճակը վերահսկողութեան տակ ենք պահում եւ անսասան ենք. ինչպէ՞ս կարող է 80%-ն աջակցել կուսակցութեանը, եւ միայն 10,000 մարդ յեղաշրջում կազմակերպել»:
Նրա խօսքով՝ ընդդիմութիւնը աղէտալի պարտութիւն է կրել ընտրութիւններում եւ կրկին փորձում է գործընթացը փողոց դուրս բերել։
Նշենք, որ ընդդիմութիւնը իշխող «Վրացական երազանք» կուսակցութեանը մեղադրում է ընտրութիւնները կեղծելու եւ ռուսամետ լինելու մէջ։ Ցուցարարները դէմ են «Վրացական երազանք» կուսակցութեան՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցոյցի են դուրս եկել ԱՄՆ–ի եւ Եւրամիութեան դրօշներով։
Ցուցարարները պահանջել են կառավարութեան հրաժարականը, ժամանակաւոր տեխնիկական կաբինետի ստեղծում եւ նոր խորհրդարանական ընտրութիւններ:
Միաժամանակ, ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցութեան չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցութիւնից՝ չցանկանալով աջակցել ղեկավարութեան բռնի գործողութիւններին: Նրանց թւում են հայազգի Արթուր Տօնականեանն ու Վլադիսլաւ Անանիկեանը։



