Արման Մելիքեան. «Միջուկային զէնք ունեցող դաշնակիցը յետ կը պահի Թուրքիային»
Դիւանագէտը նոր պատերազմ է կանխատեսում

«ԱԼԻՔ» – Խաղաղութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախւած չէ միայն Երեւանից եւ Բաքւից, եւ այդ առումով Երեւանն ու Բաքուն էապէս կախւած են արտաքին ուժային կենտրոններից։ 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում այսպիսի տեսակէտ է յայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը՝ խօսելով Արցախի կորստից յետոյ ստեղծւած հետպատերազմական իրավիճակի եւ Հայաստանի մարտահրաւէրների մասին։
«Երեւանն ու Բաքուն լաւագոյն դէպքում կարող են ասել՝ մենք չենք ուզում պատերազմ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ զարգացումները կոնֆլիկտածին են լինելու առաջիկայ 5-10 տարիների ընթացքում, եւ մեր տարածաշրջանը դեռեւս այդ կոնֆլիկտածին զարգացումների էպիկենտրոնային գօտում է, հետեւաբար՝ այն, որ հիմա յարաբերական անդորր է, բոլորովին չի նշանակում, որ վաղն այդ անդորրը չի ընդհատւի մի նոր՝ ահաւոր պատերազմով, որը կընդգրկի ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,- կանխատեսել է Արման Մելիքեանը։
Դիւանագէտի խօսքով՝ խաղաղութեան հռետորաբանութիւնն իշխանութիւնը պահելու գործիք է պատերազմում պարտւած Փաշինեանի համար։
«Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղութեան համաձայնագիրը, քանի որ շատ լաւ գիտակցում է, որ տարածաշրջանը կոնֆլիկտածին գօտու էպիկենտրոնում է։ Բայց Բաքւի թէ՛ ներքին, թէ՛ արտաքին դիրքերն այնքան ամուր են, որ կարող է իրեն այս վերաբերմունքը թոյլ տալ։ Փաշինեանի դիրքերը թոյլ են, Փաշինեանը ներկայացնում է պարտւած կողմը, Փաշինեանի իշխանութիւնը մեծապէս կախւած է նրանից՝ արդեօ՞ք խաղաղութիւնը կը պահպանւի, թէ՞ ոչ, եւ դրա համար նա ամէն հնարաւոր առիթով պէտք է խօսի խաղաղութիւնից, որովհետեւ դրանով է արդարացւելու իր՝ իշխանութեան մնալը։ Այսինքն՝ սա իշխանութիւնը պահելու գործիք է»,- մեկնաբանել է Մելիքեանը՝ ընդգծելով, որ պէտք է ծանրանալ ոչ թէ այս հանգամանքի, այլ այն հարցի վրայ, թէ որքանո՞վ է սա բխում Հայաստանի ազգային շահերից։
«Միւս կողմից, պէտք է հասկանանք նաեւ, որ սա ժամանակաւոր երեւոյթ է բոլոր դէպքերում։ Որքան էլ առողջ լինի վարչապետ Փաշինեանը, վաղ թէ ուշ, նա հեռանալու է իշխանութիւնից, իսկ այդ դէպքում կը փոխւեն նաեւ իրողութիւնները։ Վա՞տ, թէ՞ լաւ՝ դա այլ հարց է։ Դա կախւած կը լինի նրանից, թէ ինչ նոր վերնախաւ կը գայ իշխանութեան»,- յաւելել է նա։
Խօսելով Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ դիւանագիտութեան ընդհանուր ճարտարապետութեան մասին՝ Արցախի նախկին արտգործնախարարն ընդգծել է՝ պէտք է շատ յստակ տարբերակել մինչեւ 2020 թւականի պատերազմը եղած եւ 2020 թւականից յետոյ Երեւանի վարած քաղաքականութիւնների միջեւ։ Նաեւ նկատելի է, որ նոյն Փաշինեանի կառավարութիւնը մինչեւ 2020 թւականը գործում էր հին կոնցեպտի շրջանակներում։ Արման Մելիքեանը կարծում է, որ 2018-2020 թթ. տեղի ունեցած բանակցութիւնները, որոնք գաղտնի են պահւել հայ հանրութիւնից, չէին կարող փոփոխութիւն մտցնել վարւող քաղաքականութեան մէջ, որովհետեւ խօսքը հետեւեալի մասին էր.
«Կա՛մ խաղաղ կերպով են յանձնւում, կա՛մ պատերազմական եղանակով։ Խաղաղ կերպով տարածքների յանձնումը նոյնքան ճակատագրական հետեւանք էր ունենալու Փաշինեանի եւ իր թիմի համար»:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապէս շեշտում էին Արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը՝ բացառելով ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, Արցախի նախկին արտգործնախարարը պատասխանել է շատ հակիրճ. «Խաբեցին»։
Անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյեանի այն յայտարարութեանը գերմանական Deutsche Welle-ին տւած հարցազրոյցում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կարող է բացւել առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում, Արման Մելիքեանը պատասխանել է, որ նման կանխատեսում անելու հիմքերը Փաշինեանի եւ իր թիմի համար կրկին կապւած են իշխանութեան մնալու իրենց գերակայ խնդրի հետ։
Դիւանագէտը նաեւ շեշտել է, որ Հայաստանն այսօր գոյութենական վտանգի մէջ է եւ իր գոյութիւնը պահպանելու, այդ թւում՝ Թուրքիայից եկող հնարաւոր վտանգը չէզոքացնելու համար, ի թիւս այլ միջոցառումների, պէտք է նաեւ ունենայ միջուկային զէնք ունեցող դաշնակից՝ Միացեալ Նահանգներ-Իսրայէլ դաշինքի օրինակով։
«Միայն այդ միջուկային զէնքի կիրառման հնարաւորութեան մասին յիշատակումը կարող է յետ պահել Հայաստանի դէմ գործողութիւններից, ինչը եղել է նախկինում»,- ընդգծել է Արման Մելիքեանը։



