Այլ

Ինչպէս է բնութիւնն աճեցնում ատամները. հետազօտողները բացայայտել են աճի բջջային ազդանշանները

Տոկիոյի գիտութեան համալսարանի եւ Տեխասի համալսարանի (Հիւսթոն), Առողջութեան մասին գիտութեան կենտրոնի գիտնականները համատեղ յայտնաբերել են ցողունային բջիջների երկու տեսակ, որոնք մասնակցում են ատամների արմատների եւ ալւեոլիար ոսկորի ձեւաւորմանը, այն նոյն ոսկորի, որի մէջ ատամն ամրացւած է։

Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են International Journal of Oral Science-ում։

Նրանք կարողացել են հետեւել ազդանշանային մեխանիզմներին, որոնք կառավարում են այդ բջիջների վերափոխումը, ինչն ուղի է բացում ատամների եւ ծնոտի ոսկորի վերարտադրման ապագայ մեթոդների համար։

Մինչ այժմ գիտնականներին չէր յաջողւել լիովին վերարտադրել բարդ կենսաբանական պրոցեսը, որի դէպքում զարգանում են ատամները եւ դրանց շրջակայ ոսկրային կառոյցները։ Հետազօտութիւնը պահանջել է տարբեր հիւսւածքների՝ ատամի փափկամասի, էմալի օրգանի, ծնոտի ոսկրային հիւսւածքի փոխգործակցութեան եւ այն բանի ըմբռնումը, թէ ինչպէս են ազդանշանները բջիջների միջեւ համակարգում ատամնապսակի, արմատի եւ ոսկորի գոյացումը։

Օգտագործելով գենետիկօրէն մոդիֆիկացւած մկներին եւ բջջային գծերին հետեւելու տեխնոլոգիաները՝ հետազօտողները յայտնաբերել են․ ցողունային բջիջների մի գիծը, որը գտնւում է ապիկալ պապիլայում (փափուկ հիւսւածք ատամի աճող արմատի վերջնամասում) արտադրում է CXCL12 սպիտակուցը եւ կարող է վերածւել ինչպէս օդոնոբլաստի (ատամի դենտինը ձեւաւորող բջիջներ), այնպէս էլ ցեմենտաբլաստների (բջիջներ, որոնք ձեւաւորում են շաղախը՝ ատամի արմատը ծածկող պինդ հիւսւածքը), ինչպէս նաեւ օստեոբլաստների (բջիջներ, որոնք ձեւաւորում են ոսկրային հիւսւածքը) որոշակի պայմաններում։

Ցողունային բջիջների երկրորդ շարքը, որը գտնւում է ատամնային ֆոլիկուլում (զարգացող ատամը շրջապատող կառուցւածք) եւ արտայայտում է PTHrP սպիտակուցը, կարող է վերածւել պարոդոնտալ կապանների բջիջների, ցեմենտաբլաստների եւ ալւեոլային ոսկրային օստէոբլաստների: Սակայն այս գործընթացը պահանջում է Hedgehog-Foxf ազդանշանային ուղու ճնշում, ինչը վկայում է բարձր ճշգրտութեան կարգաւորման մասին. այս ազդանշանների ակտիւացումը կամ արգելակումը կարեւոր ազդեցութիւն ունի ատամնային եւ ոսկրային հիւսւածքի զարգացման վրայ:

Հեղինակներն ընդգծել են, որ ստացւած տւեալները բացայայտում են ատամի արմատի եւ այն ծնոտում պահող ոսկորի ձեւաւորման մոլեկուլային մեխանիզմները: Այս արդիւնքները կարող են հիմք հանդիսանալ վերականգնողական բուժումների մշակման համար, որոնք ապագայում կարող են փոխարինել իմպլանտներին եւ պրոթեզներին:

News.am

Related Articles

Back to top button