Ալիեւի ներկայացուցիչների ապահով այցը Երեւան եւ 2022 թ. Մեհրիբան Ալիեւայի պատասխանը Մարգարիտա Սիմոնեանի հարցադրմանը

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի համատեքստում հանդիպել է Երեւան ժամանած ադրբեջանական «քաղհասարակութեան» ներկայացուցիչներին, կամ, աւելի ճիշտ՝ ալիեւեան ռեժիմի քարոզչամեքենայի վստահելի ներկայացուցիչներին՝ քաղաքագէտ Ֆարհադ Մամեդովին, Բաքւի Թոփչուբաշովի անւան վերլուծական կենտրոնի տնօրէն Ռուսիֆ Հուսէյնովին (ի դէպ, սեպտեմբերին Երեւան էր եկել այս կենտրոնի փոխտնօրէն Մուրադ Մուրադովը, ով յայտարարել էր, որ անկլաւների ու տարածքների փոփոխութիւն պէտք է տեղի ունենայ), Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպութիւնների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին, 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովային եւ «Կանայք. խաղաղութիւն եւ անվտանգութիւն» ադրբեջանական կենտրոնի ղեկավար Դիլարա Աֆանդիեւային, ով յայտնի է նաեւ՝ որպէս Հայաստան արցախցիների կեանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիւիստ»:
Ալիեւեան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարեւորութիւն են տւել «Ադրբեջանական աւիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երեւանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողութիւնների սիմւոլ, եւ ոչ թէ՝ զուտ տեխնիկական-դիւանագիտական քայլ:
Իսկ Հայաստանի հնագոյն մայրաքաղաքից նրանք հեռացել են գործող իշխանութիւնների վերաբերմունքից եւ երեւանեան հանդիպման արդիւնքներից գոհ, ինչի մասին բոլորը նոյնաբովանդակ գրառումներ են կատարել սոցիալական ցանցերի իրենց էջերում: Գրառումներից այնպիսի տպաւորութիւն է, կարծես բոլորին նոյն «խաղաղասիրական» տեքստն է բաժանւել, որպէսզի տարածեն սոցցանցերի իրենց էջերում: Իսկ գրառումների տակ թողնւած նրանց եւ շարքային ադրբեջանցիների մեկնաբանութիւններն այլ պատկեր են ստեղծում՝ պահանջներ, սպառնալիքներ, ատելութեան խօսք Հայաստանին, հայ ժողովրդին, իհարկէ, կային նաեւ խաղաղ համակեցութեան կոչեր, բայց անգամ այս դէպքում յիշեցւում են «հայերի արածները»:
Սրան զուգահեռ՝ շարունակում են Բաքւի դատարան գործուղւել «տուժածներ», որոնք շարունակում են հայերին եւ հայ զինւորականներին ներկայացնել որպէս «անսիրտ մարդասպան», իսկ Հայաստանի Հանրապետութիւնը՝ «ռազմական յանցագործ եւ ցեղասպան» պետութիւն:
Յաւելենք, որ օրերս Ռուբէն Վարդանեանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարւելու իր պատճառները:
Նամակում նա նշել է, որ սա հարկադրւած որոշում է, քանի որ միջազգային իրաւունքի նորմերի, ադրբեջանական դատավարական օրէնսգրքի կոպտագոյն խախտումներն այս լսումները վերածել են բացայայտ ֆարսի, ուստի իր պաշտպանութեան բոլոր դատավարական հնարաւորութիւնները սպառւած են:
«1. Ինձ այդպէս էլ թոյլ չտւեցին ծանօթանալ գործի նիւթերին եւ մեղադրական եզրակացութեանը: Նիւթերին հասանելիութիւն ունենալը մինչ օրս մերժւում է. ես չեմ կարողանում ծանօթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտօնական թարգմանութիւնը:
2. Ինձ դատարանում պաշտպանւելու հնարաւորութիւն չի տրւել: Ես հնարաւորութիւն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ՝ դատական նիստերին պատրաստւելու համար, հասանելիութիւն չեմ ստացել ձայնա եւ տեսանիւթերին, որոնք ներկայացւում են՝ որպէս իմ մեղքի ապացոյց:
3. Իմ բոլոր միջնորդութիւններն անտեսւել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից: Պաշտպանի կարեւոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարութեան համար, նոյնպէս մնացել են անպատասխան:
4. Պաշտպանից հրաժարւելու միւս պատճառը դատարանի մերժումն էր՝ հրաւիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանութեան համար նշանակութիւն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարւեց բաւարարել այս միջնորդութիւնը՝ վերջնականապէս զրկելով գործընթացն օբիեկտիւութեան եւ արդարութեան որեւէ նշոյլից»,- մանրամասնել է Ռուբէն Վարդանեանը:
Նշենք, որ բարերար-գործարարը եւ Արցախի նախկին պաշտօնեան Բաքւի դատարանում միջնորդութիւն էր ներկայացրել՝ որպէս վկայ հարցաքննել Նիկոլ Փաշինեանին, սակայն ադրբեջանական դատարանն այն մերժել էր՝ պնդելով, որ նա յարուցւած գործի հետ առնչութիւն չունի:
Դրանից յետոյ «դատական» նիստերից մէկի ժամանակ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ եղած գեներալ Դաւիթ Մանուկեանն էր նման պահանջ դրել՝ որպէս վկայ դատարան կանչել Նիկոլ Փաշինեանին կամ լսել նրան տեսակապի միջոցով, ինչը եւս մերժւել էր:
Իսկ այս օրերին Երեւան էր եկել ոչ միայն Արցախին Հայաստանին կապող ճանապարհը փակած «էկոակտիւիստ» Դիլարա Աֆանդիեւան (ում ֆէյսբուքեան էջի ուսումնասիրութիւնից կարելի է նկատել, որ նա ալիեւեան ռեժիմի մոլի ջատագով է, հակառուս է, ուկրաինամէտ, իսրայէլամէտ), այլեւ, ինչպէս վերեւում նշեցինք, 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովան, ով հրապարակումներ ունի Ռուբէն Վարդանեանի դէմ եւ շրջափակման ժամանակ կասկածի տակ էր դնում Արցախում առաջին անհրաժեշտութեան ապրանքների հետ կապւած խնդիրներն ու խանութների դատարկ լինելու փաստը:
Աւելին, նա իր յօդւածներից մէկում չի խնայել անգամ Նիկոլ Փաշինեանին եւ նրա կառավարութեանը՝ գրելով, որ 2020 թւականի պատերազմի ժամանակ 44 օր խաբել են հայ հասարակութեանը:
Բաքւի «քաղհասարակութեան» ներկայացուցիչների երեւանեան այցի մասին ադրբեջանական լրատւամիջոցներն իրենց յօդւածներում յիշեցնում են, որ «30 տարւայ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղհասարակութեան ներկայացուցիչների հանդիպումներ եղել են, բայց երրորդ կողմի միջնորդութեամբ կամ արեւմտեան դրամաշնորհներ ստացող կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ, իսկ հիմա ամէն ինչ տեղի է ունենում առանց միջնորդների, հանդիպումների համար էլ ընտրւում են «ճիշտ մարդիկ»՝ ոչ Ադրբեջանի իշխանութիւնների ընդդիմախօսներ, «խաղաղասիրական գրանտակերներ»:
Եւ յետոյ, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, «ադրբեջանական տարածքներն» այլեւս «օկուպացւած» չեն, եւ ոչ մի երրորդ կողմ այլեւս չի ստիպում Բաքւին եղած շփման գիծը ճանաչել որպէս նոր սահման:
Այսինքն, Հայաստանի հետ խաղաղութեան չգնալու պատճառ Ադրբեջանն այլեւս չունի: Բնական է՝ ինչ պահանջ դնում են, ՀՀ իշխանութիւնները կատարում են, բայց արդեօ՞ք Հայաստանը պահանջներ չպիտի ունենայ ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու ադրբեջանական զօրքը, վերջ տալու Բաքւի շինծու դատավարութեանը, վերադարձնելու Բաքւում անխտիր բոլոր պահւողներին, դադարեցնելու հայատեացութիւնը բոլոր հարթակներում…
Այս չլուծւած հարցերի պարագայում ինչպէ՞ս է Նիկոլ Փաշինեանը պատկերացնում խաղաղութիւնը եւ երկու ժողովուրդների խաղաղ համակեցութիւնը եւ շփումները, երբ անգամ յաղթած Ադրբեջանը սա դժւար է պատկերացնում, ինչի մասին խօսւում է ադրբեջանական յօդւածներում, շարքային ադրբեջանցիների գրառումներում:
2022 թւականի փետրւարին ռուսական լրատւամիջոցների հետ հանդիպմանը Մարգարիտա Սիմոնեանի հարցերին, թէ կարո՞ղ է «յան» ազգանունով մէկը գնալ Բաքու եւ իրեն ապահով զգալ, Մեհրիբան Ալիեւան յիշել էր Արցախեան առաջին պատերազմի արդիւնքում ադրբեջանցի փախստականներին, նրանց տուն-տեղ կորցնելը եւ ակնարկել, որ թէեւ 2020 թւականի պատերազմից յետոյ մարդիկ կարողացել են վերադառնալ, օրինակ, Աղդամ, բայց նրանց յիշողութիւններում դեռ վառ է Առաջին պատերազմում վերապրածը, եւ, որ այդ էմոցիոնալ ֆոնը միանգամայն հասկանալի է Ադրբեջանի իշխանութիւններին:
«Ադրբեջանի նախագահը խօսում է Ադրբեջանի անունից, որ պէտք է պաշտպանել նրանց, ով այցելում է Ադրբեջան, բայց նա նաեւ գիտի՝ ինչ էմոցիաներով են մարդիկ ապրում»,- ընդգծել էր նա:
Այսօրւայ Ադրբեջանը մտահոգութիւն ունի նաեւ ՀՀ-ում տեղի ունենալիք ԱԺ ընտրութիւններից: Այսինքն, Հայաստանի հետ խաղաղութեան օրակարգ է ձեւաւորւում, բայց այն համաձայնեցւած է ՀՀ գործող կառավարութեան հետ։ Եւ յայտնի չէ, թէ Հայաստանում 2026 թւականին ինչ քաղաքական ուժեր, կուսակցութիւններ ինչպիսի ծրագրերով ընտրութիւնների կը գնան, եւ հայ հասարակութիւնն ում կը տայ իր վստահութեան քւէն (կամ ում նկատմամբ կարտայայտի իր անվստահութիւնը):
Այս եւ այլ հանգամանքներով պայմանաւորւած՝ Ադրբեջանը գալիք տարւայ համար մտադիր է աւելացնել ռազմական բիւջէն, սրան զուգահեռ՝ Բաքուն որոշել է մեծացնել դիւանագիտութեան եւ միջազգային կապերին ուղղւող ծախսերը, ինչը ենթադրում է՝ «խաղաղ» պայքար ընդդէմ Հայաստանի եւ յանուն ադրբեջանական թէզերի:
168.am






