Արմէն Գէորգեան. «Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատութիւնը դարձաւ ուժով ստեղծւած իրականութիւնն ընդունելու ձեւ»

«Հայերի էթնիկ զտումները նշանաւորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատութիւնը դադարեց լինել պաշտպանութեան մեխանիզմ եւ դարձաւ ուժով ստեղծւած իրականութիւնն ընդունելու ձեւ։ Մենք տեսանք, թէ ինչպէս մի ամբողջ ժողովրդի իրաւունքների ոչնչացումը արդարցւեց «դժւար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզւով։ Ինչպէս պատասխանատւութիւնը փոխարինւեց հետեւանքների կառավարմամբ։ Ինչպէս իրաւունքի լեզուն փոխարինւեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզւով»,- նշւում է ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեանի ելոյթում, որը հրապարակւել է ԵԽԽՎ պաշտօնական կայքում, «Միջազգային արդարադատութեան մարտահրաւէրները» քննարկման բաժնում:
Ելոյթն ամողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Եւրոպայում ստեղծւած միջազգային արդարադատութեան համակարգը նախատեսւած էր այն պետութիւնների համար, որոնք ընդհանուր առմամբ ճանաչում էին օրէնքի գերակայութիւնը եւ իշխանութեան սահմանափակումները, եւ պատրաստ էին առաջնորդւել դրանով։
Այդ համակարգն այլեւս չի համապատասխանում այն քաղաքական իրականութեանը, որը նախատեսւած է կարգաւորելու համար։
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ի յայտ եկաւ մի նոր, հսկայական քաղաքական տարածք, որտեղ ժողովրդավարութիւնն ու մարդու իրաւունքները բարեփոխման կարիք չունէին. դրանք պէտք է նոր ծնւէին։ Սակայն, համակարգը վերակառուցելու փոխարէն, Եւրոպան պարզապէս հին ինստիտուտները տարածեց նոր իրողութիւնների վրայ։
Հէնց այդ պահից միջազգային արդարադատութիւն մտան նոր կատեգորիաներ՝ փոխզիջում, աշխարհաքաղաքական նպատակայարմարութիւն եւ շահերի հաւասարակշռութիւն։ Քաղաքականութիւնն սկսեց սահմանափակել իրաւունքը, մինչդեռ իրաւունքը ստեղծւել էր քաղաքականութիւնը սահմանափակելու համար։ Արդիւնքում, վերջին տասնամեակներում հասուն ժողովրդավարութիւնների թիւը նւազում է։ Սա ցոյց է տալիս, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան գործող մեխանիզմները դադարել են կատարել իրենց զսպման գործառոյթը։
Այսօր միջազգային արդարադատութիւնն աւելի ու աւելի շատ աղէտներ է արձանագրում, բայց անկարող է կանխել դրանք։ Անհատներին պետութիւնից պաշտպանելու համար ստեղծւած համակարգը սպառնում է դառնալ այնպիսի համակարգ, որը պետութիւններին պաշտպանում է պատասխանատւութիւնից։ Սա հէնց այն իրավիճակն է, որից մենք ցանկանում էինք խուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։
Հայերի էթնիկ զտումները նշանաւորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատութիւնը դադարեց լինել պաշտպանութեան մեխանիզմ եւ դարձաւ ուժով ստեղծւած իրականութիւնն ընդունելու ձեւ։ Մենք տեսանք, թէ ինչպէս մի ամբողջ ժողովրդի իրաւունքների ոչնչացումը արդարցւեց «դժւար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզւով։ Ինչպէս պատասխանատւութիւնը փոխարինւեց հետեւանքների կառավարմամբ։ Ինչպէս իրաւունքի լեզուն փոխարինւեց աշխարհաքաղաքական ռէալիզմի լեզւով։
Յարգելի՛ գործընկերներ,
Արցախը բացայայտեց ոչ միայն մէկ ժողովրդի ողբերգութիւնը։ Այն ցոյց տւեց, թէ ինչի է վերածւել միջազգային արդարադատութեան համակարգը։ Եւրոպան, ընդունելով ուժով ձեւաւորւած իրականութիւնը, ստեղծել է վտանգաւոր նախադէպ. երբ իրավիճակը փակուղի է մտնում, օրէնքը դադարում է վերականգնել արդարութիւնը,այն սկսում է ծառայել հետեւանքներին։
Նման նախադէպերը չեն մնում զուտ որպէս լոկալ։ Դրանք ուրւագծում են ապագայ ճգնաժամերի պատկերը։ Որտեղ օրէնքը դադարում է վերականգնել արդարութիւնը, ապագան ձեւաւորւում է ոչ թէ նորմերով, այլ հնարաւորութիւններով։ Սա միայն հայ ժողովրդի մասին չէ։ Խօսքը Եւրոպայի ապագայի մասին է՝ ներառեալ ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանները, ինչպիսին Գրենլանդիան է։
Այսօրւայ քննարկումն անցեալի մասին չէ։ Այն վերաբերում է կանոններին, որոնցով կապրի Եւրոպան։ Մենք պէտք է յիշենք. Միջազգային արդարադատութիւնը տուժում է, երբ այն խախտւում է։ Բայց այն մահանում է, երբ խախտումների հետեւանքները ընդունւում են որպէս քաղաքական իրականութիւն»։
Yerkir.am



