Օմանը կոչ է անում վերականգնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին Մանամայում կայացած «Գաղափարների երկխօսութիւն» համաժողովում յայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է տեսնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցութիւնների վերականգնումը։ Օմանը մինչ պատերազմը հանդէս էր եկել որպէս միջնորդ երկու կողմերի միջեւ՝ հիւրընկալելով ոչ ուղղակի բանակցութիւնների 5 փուլ։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նախարարը նշել է, որ ընդամենը երեք օր էր մնացել բանակցութիւնների 6-րդ փուլի մեկնարկին, երբ Իսրայէլը «անօրինական եւ մահաբեր» յարձակմամբ խափանեց գործընթացը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում լարւածութեան աճը հաստատում է՝ առանց Իրանի մասնակցութեան հնարաւոր չէ հասնել կայուն խաղաղութեան։
Ալ-Բուսաիդին նաեւ կոչ է արել Պարսից ծոցի երկրների խորհրդին եւ հարեւան պետութիւններին առաջնահերթութիւն տալ Իրանի, ինչպէս նաեւ Իրաքի ու Եմէնի հետ ուղիղ երկխօսութեանը։ Նրա խօսքով՝ տասնամեակներ շարունակ տարածաշրջանը վարել է Իրանի մեկուսացման քաղաքականութիւն, որը, ըստ Օմանի՝ երբեք չի բերել իրական արդիւնքի։
Նախարարը յիշեցրել է, որ Իրանը դեռեւս 1980-ականների վերջերից ցուցաբերել է պատրաստակամութիւն համագործակցելու արեւմտեան պետութիւնների եւ հարեւանների հետ՝ ապացուցելով, որ կարող է լինել ոչ թէ սպառնալիք, այլ գործընկեր՝ տարածաշրջանային կայունութեան ամրապնդման գործում։ Նա նշել է, որ եթէ տարածաշրջանում ժամանակին ստեղծւէր համապարփակ անվտանգութեան համակարգ, հնարաւոր կը լինէր կանխել այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին էր 2003 թւականի պատերազմը։
Ալ-Բուսաիդին ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգութեան երկարաժամկէտ կայունութիւնը հնարաւոր է միայն համընդհանուր, ներառական եւ փոխվստահութեան վրայ հիմնւած ձեւաչափով։ Նրա խօսքով՝ խուսափումը կառուցողական երկխօսութիւնից միայն խորացնում է հակամարտութիւնները եւ խթանում ծայրայեղականութիւնը, մինչդեռ համագործակցութիւնը կարող է հիմք դառնալ կայուն ու բարեկեցիկ ապագայի համար։



