Արաղչին դատապարտել է Սուդանում ահաբեկչութիւնն ու անմեղ քաղաքացիների նկատմամբ բռնութիւնը

«ԱԼԻՔ» – Արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչին իր սուդանցի պաշտօնակցի՝ Մուհիէդդին Սալիմի հետ հեռախօսազրոյցի ընթացքում յայտարարել է, որ ահաբեկչութիւնն ու անմեղ քաղաքացիների նկատմամբ բռնութիւնը, անկախ ժամանակից եւ վայրից, պէտք է դատապարտւեն։
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ Արաղչին խոր վիշտ եւ մտահոգութիւն է յայտնել Սուդանի Ֆաշեր քաղաքում խաղաղ բնակիչների զանգւածային սպանութեան կապակցութեամբ՝ ընդգծելով Իրանի համերաշխութիւնը Սուդանի կառավարութեան եւ ժողովրդի հետ։
Նախարարը նշել է, որ որոշ պետութիւններ փորձում են ահաբեկիչներին բաժանել «լաւերի» եւ «վատերի»՝ աջակցելով այն խմբերին, որոնք, ըստ իրենց՝ «կեղտոտ աշխատանք» են կատարում՝ իրենց շահերի համար։ Նա ընդգծել է, որ այսպիսի երկակի չափանիշները, որոնք երկար տարիներ կիրառւում են մի շարք արեւմտեան երկրների կողմից, անընդունելի են եւ տեղ չպէտք է ունենան մեր օրերում։
Արաղչին եւս մէկ անգամ ընդգծել է, որ ահաբեկչութիւնն ու անմեղ մարդկանց նկատմամբ բռնութիւնը պէտք է անխտիր եւ համընդհանուր կերպով դատապարտւեն։



