Թուրքիայի բացասական զեկոյցը Իրանի տարածաշրջանային դերի մասին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ, «Ժողովրդի հանրապետպութիւն կուսակցութեան» ներկայացուցիչ Ութքու Չաքըրօզերը սեպտեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ներկայացրել է 26 էջանոց՝ «Իրանի սպառնալիքը տարածաշրջանային եւ եւրոատլանտեան անվտանգութեանն ուղղւած» խորագրով զեկոյցը։
Փաստաթուղթը, որն ընդունւել է ՆԱՏՕ-ի «Միջերկրական եւ Միջին Արեւելք» յանձնախմբի նիստում, արտացոլում է Անկարայի պաշտօնական դիրքորոշումը՝ համահունչ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի մեղադրանքներին՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան վերաբերեալ։ Այս մասին վերլուծական հրապարակելով նշել է միջզագային իրաւունքի աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին:
Փորձագէտը նաեւ ընդգծել է, որ չնայած Թեհրանի՝ վերջին տարիներին ահաբեկչութեան դէմ պայքարում ունեցած առանցքային դերակատարութեանը, ինչպէս նաեւ 2016 թ․ պետական յեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի իշխանութիւններին ցուցաբերած աջակցութեանը, զեկոյցում Իրանը ներկայացւած է որպէս տարածաշրջանային ապակայունացնող ուժ։
«Ըստ փաստաթղթի, Իրանը Ռուսաստանի աջակցութեամբ զարգացնում է իր հրթիռային եւ միջուկային ծրագրերը, խորացնում համագործակցութիւնը Մոսկւայի եւ Պեկինի հետ՝ միաժամանակ վտանգ ներկայացնելով ՆԱՏՕ-ի Հարաւային եւ Արեւելեան թեւերի համար։ Զեկոյցում նշւում է, որ Թեհրանն իր պաշտպանական դոկտրինի շրջանակում ձգտում է սահմանափակել ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում՝ ուժեղացնելով ազդեցութիւնը Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատւածում եւ Եմենում՝ «դիմադրութեան առանցքի» թեւով»,- գրում է փորձագէտը։
Դոկտ. Քազեմին նշելով, որ Թուրքիան, փաստաթղթի համաձայն, առանձնանում է որպէս կենտրոնական դերակատար ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ռազմավարութեան համադրման գործում, յատկապէս Մալաթիայի «Կուրեջիք» բազայի նշանակութեամբ՝ որպէս ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի կարեւոր բաղադրիչ, որը նպատակ ունի վերահսկել Իրանի հրթիռային սպառնալիքները, նշել է, որ Թուրքիայի զեկոյցում առաջարկւում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ խորացնել համագործակցութիւնը տարածաշրջանային պետութիւնների հետ, ինչպէս նաեւ ուժեղացնել ծովային եւ պաշտպանական ներկայութիւնը Կարմիր ծովում, եւ շարունակել Իրանի դէմ «առաւելագոյն ճնշման» քաղաքականութիւնը։
Փորձագէտը կարեւորելով թուրք վերլուծաբանների կարծիքը, վկայակոչելով նրանց նշել է, որ փաստաթուղթը՝ Անկարայի իրական ռազմավարական կողմնորոշման վկան է եւ դրանով Թուրքիան շարունակում է մնալ Արեւմտեան բլոկի եւ անգլօսաքսոնական աշխարհակարգի շրջանակում՝ հակառակ այն հակաիսրայէլական հռետորաբանութեանը, որը յաճախ Անկարան օգտագործում է ներքին լսարանի համար։
«Իրանի տեսանկիւնից, այս զեկոյցը եւս մէկ անգամ ընդգծում է Անկարայի երկակի քաղաքականութիւնը, խօսքով՝ ի պաշտպանութիւն Պաղեստինի, եւ գործնականում՝ խորացնելով էներգետիկ, առեւտրային եւ ռազմական համագործակցութիւնը Իսրայէլի հետ»,- եզրափակել է դոկտ. Ահմադ Քազեմին։



