Վահէ Դաւթեան. «Ստեղծւած իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբիւրների ապահովումը»

«ԱԼԻՔ» – «Ստեղծւած իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբիւրների ապահովումը»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է քաղաքական գիտութիւնների դոկտոր, էներգետիկ հարցերով փորձագէտ Վահէ Դաւթեանը՝ նշելով, թէ իրականում ինչ է թաքնւած Սեւանայ լճի անւան հետ կապւած Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութեան թիկունքնում:
Նա մասնաւորապէս գրել է.
«Ալիեւի՝ «ռուսական կայսերական քարտէզներում Սեւանայ լիճ գոյութիւն չունի, այլ կայ Գեոյչա» յայտարարութիւնը պէտք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի եւ տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում։
Այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգութեան առանցքային գործօններից մէկը։ ՄԱԿ-ի Հազարամեակի նպատակների 6-րդ կէտը վերաբերում է հէնց ջրային անվտանգութեանը։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում 1 միլիարդից աւելի մարդ զրկւած է քաղցրահամ ջրից օգտւելու հնարաւորութիւնից, իսկ մինչեւ 2030թ. կարող է առաջանալ շուրջ 700 մլն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայութեան հետեւանքով։
Այս ամէնը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլեւ աշխարհաքաղաքական ազդեցութեան գործիք։
Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասորդը վերջին տարիներին գնալով աւելի է խորանում։ Ինքը՝ Ալիեւը մէկ անգամ չէ, որ խօսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտութեան մասին։
Համաշխարհային բանկի տւեալներով՝ մէկ շնչին բաժին հասնող վերականգնւող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խմ, մինչդեռ Հայաստանում՝ աւելի քան 2329 խմ։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագէտներն անգամ զգուշացնում են հնարաւոր էկոլոգիական աղէտի մասին, եթէ հարցը չստանայ համակարգային լուծում։
Ստեղծւած իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբիւրների ապահովումը։ Ջրի պակասորդը վերածւել է Ադրբեջանի անվտանգային եւ քաղաքական գերակայ հարցերից մէկի, իսկ Սեւանը՝ տարածաշրջանի կարեւորագոյն ջրային ռեսուրսը, ակնյայտօրէն մտնում է Բաքւի գէոռազմավարական հաշւարկների դաշտ՝ մերկացնելով պաշտօնական Երեւանի նարատիւները «խաղաղութեան հաստատման» մասին»:



