Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալիեւ. «Չկայ Սեւանայ լիճ, կայ Գեոյչա լիճ. այսօրւայ Հայաստանի տարածքում գրեթէ բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»

«ԱԼԻՔ» – Այսպէս կոչւած «խաղաղութեան դարաշրջանի» մասին ՀՀ գործող իշխանութիւնների վերջ չունեցող մերկապարանոց յայտարարութիւնների եւ ճոռոմաբանութիւնների ֆոնին, Ադրբեջանի բռանպետը հերթական սադրիչ յայտարարութիւնն է արել Հայաստանի տարածքային ամբողջականութեան հասցէին:

Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ չթաքցնելով Հայաստանի նկատմամբ իր բացայատ տարածքային նկրտումները, Ադրբեջանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի 80-ամեակին նւիրւած միջոցառման ընթացքում, Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ չկայ Սեւանայ լիճ, կայ Գեոյչա լիճ:

«Գիտնականներն արդէն բազմաթիւ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է աւելին՝ հետազօտութիւններ, ցուցահանդէսներ, հրապարակումներ, պատմական քարտէզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտէզները յստակ ցոյց են տալիս, որ այսօրւայ Հայաստանի տարածքում գրեթէ բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկայ Սեւանայ լիճ, բայց կայ Գեոյչա լիճը», – ասել է նա:

Ինչպէս գրում է News.am-ը՝ Բաքւի բռնապետը միլիոներորդ անգամ յայտարարելով հայերի մեղքով ադրբեջանցի ժողովրդի կրած դժւարութւնների մասին՝ յայտնել է, որ «ադրբեջանցիները պէտք է իմանան իրենց հարուստ պատմութիւնը, իրենց հին պետական աւանդոյթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է ընդարձակ տարածքներում եւ ադրբեջանցիները մինչ օրս բնակւում են մեր ներկայիս սահմանների երկու կողմերում»։

«Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականութեան հիւանդութեամբ», ընդհակառակը, նրանք ներդրում են ունենում այն երկրների պետականութեան զարգացման գործում, որտեղ ապրում են։ Ուստի ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպէտք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդէն ասել եմ, որ մենք պէտք է այնտեղ վերադառնանք ոչ թէ տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պէտք է աշխատեն ե՛ւ պետական կառոյցները, ե՛ւ հասարակական կազմակերպութիւնները եւ իհարկէ, գիտնականները»,- ասել է նա:

Related Articles

Back to top button