Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստանի 4-րդ Գեոյչայական Հանրապետութիւնը»

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

«ԱԼԻՔ» – «Գեոյչա»-ի մասին Ալիեւի յայտարարութիւնն ունի մէկ այլ կարեւոր նրբութիւն. իսկ որտե՞ղ հնչեց այդ միտքը։

Ալիեւն այդ յայտարարութիւնն արեց Ադրբեջանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամեակի միջոցառմանը։ Սա մի կողմից Ակադեմիայի կարեւորութեան շեշտումն էր, միւս կողմից՝ գիտական հանրութեան առջեւ դրւող պետական խնդիր։

Ի հակակշիռ՝ Հայաստանում այս իշխանութիւնը տանում է գիտութիւնների ազգային ակադեմիայի աստիճանական լուծարման պրոցես։ Նոր օրէնսդրական կարգաւորմամբ՝ Ակադեմիային տրւում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկեալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։

Ի՞նչն է քաղաքակրթական մրցակցային առաւելութիւն տալիս պետութիւններին. գիտութիւնը (այդ թւում՝ Ակադեմիան), օպերան, մշակոյթը, կոնսերւատորիան, Մատենադարանը, Էջմիածինը, Արոնեանը, Մխիթարեանը, սպորտը, կինոն եւ նման այլ բաներ։

«Ակադեմիական քաղաք» ուտոպիստական ծրագրի տակ քանդում են Հայաստանի քաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որը ստեղծւել է բոլոր ժամանակների հայկական էլիտաների ջանքերով. Ռուսական կայսրութեան, Օսմանեան կայսրութեան, Խորհրդային Միութեան, Եւրոպական Միութեան, Արեւմուտքի, Արեւելքի հայկական մտքի եւ բազմաթիւ սերունդների ջանքերով։

Այս իշխանութիւնն իրօք չգիտի՞, թէ ինչ է եւ ինչ ներդրում է ունեցել եւ ինչ արժէք ունի Գիտութիւնների ակադեմիան, կոնսերւատորիան, օպերան եւ այլն եւ այլն։ Սրանց համար դրանք շէնքեր են։

Իրականում այս իշխանութիւնն ու Ալիեւը համատեղ ստեղծում են «Հայաստանի 4-րդ Գեոյչայական Հանրապետութիւնը», որը բացի կենսական տարածքների կորստից, պէտք է դառնայ քաղաքակրթական մրցակցային առումով առանց ներուժ՝ անպիտան մի բան։

Մնում է մեր որոշումը՝ որպէս 35 տարի անկախ Հայաստանում ապրած, սեփական կենսագրութիւնն այս երկրի հետ կապած մարդկանց՝ կտրուկ հրաժարւել մեր վզին փաթաթւող՝ մեր երկրի մահւան այս դատավճռից։ Այս ձեւակերպումն ու վճռականութիւնը պէտք է տեսնենք իշխանութեան յայտ ներկայացնող քաղաքական ուժերից եւ հոսանքներից։

Altprojects.am

Related Articles

Back to top button