Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մի քանի կարեւոր արձանագրում Վաղարշապատի ընտրութիւնների առնչութեամբ

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրութիւններին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Նախ, պէտք է արժեւորել շուրջ 15,000 (47%) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտւեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին եւ քւէարկեցին Վաղարշապատի ընտրութիւններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնաւորապէս, «Յաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քւէ)։

Պէտք է գնահատել նաեւ բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատւութիւնից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք եւ իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։

Ակնյայտ է, որ․

1. իշխող ուժը մէկ համայնքի վրայ կենտրոնացրել եւ օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը՝ վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգւածը եւ կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թւի 21.8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցութեան պարագայում են այդ ձայները կազմել են 48.5 տոկոս,

2. որեւէ ընդդիմադիր ուժ չունի հնարաւորութիւն եւ ռեսուրս միայնակ իշխանութիւն ձեւաւորելու, իսկ իշխանութիւնը (նոյնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրւելու շանս՝ յատկապէս ընտրողների բարձր մասնակցութեան պարագայում։

3. ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրութիւններին, սակայն չեն յաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները եւ նպաստում իշխանութեան վերարտադրութեանը։

Այս խնդիրները հաշւի առնելով՝ ընդդիմադիր ուժերի անելիքները պէտք է լինեն հետեւեալը.

1. բացատրել հանրութեանը ընտրութիւններին մասնակցութեան կարեւորութիւնը, ապահովել բարձր մասնակցութիւն,

2. ստեղծել արդիւնաւէտ համակարգ իր մեխանիզմներով, որը կը կարողանայ կանխել կամ նւազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները եւ բռնաճնշումները,

3. անցողիկ շեմը յաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պէտք է մէկտեղեն իրենց հնարաւորութիւնները, միաւորւեն կամ ընդգրկւեն աւելի խոշոր դաշինքներում։

Այսպիսով, Վաղարշապատի ընտրութիւնները ցոյց են տալիս այն ուղղութիւնները, որոնցով կայ հսկայական անելիք եւ աշխատանք 2026-ին նախատեսւած համապետական ընտրութիւններից առաջ։

Չարախնդալու, մեղաւորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց յուսալքութեան հասցնելու եւ դրանով սեփական անգործութիւնն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարէն պատասխանատու քաղաքական ուժերը եւ գործիչները պէտք է լծւեն վերը նշւած խնդիրները լուծելու գործին։

Մենք գնալու ենք այդ ճանապարհով…»:

Related Articles

Back to top button