
ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ
Մարդ արարածի հոգեբանութիւնն երբեմն չափազանց բարդ ու հակասական է: Այն կարող է մի պահ լռել անարդարութեան դէմ, սակայն յաջորդ պահին պատրաստ լինել խիզախաբար պայքարի, անգամ վտանգելով սեփական կեանքը։
Սակայն հարցն այն է, թէ ինչու են սովորական մարդիկ դառնում չարիքի մեղսակիցներ կամ, ընդհակառակը, երբեմն դիմում են՝ հերոսական քայլերի՝ պատրաստ լինելով զոհաբերել սեփական կեանքը։ Այս հարցերին է անդրադառնում հոգեբան Ֆիլիպ Զիմբարդօն՝ իր յայտնի Ստենֆորդի բանտային գիտափորձի ընթացքում, որտեղ ներկայացնում է մարդկային բնոյթի երկու հակասական դրսեւորումներ, այն է՝ չարիքի նկատմամբ կենդանական բնազդային գայթակղութիւնը եւ հերոսութիւն կատարելու մարդկային բարոյական ներուժը։
Գիտափորձը, որը համատեղում է իրական փորձեր եւ պատմական իրադարձութիւններ, բացայայտում է, թէ ինչպէս է միջավայրը փոխում մարդկանց վարքը եւ երբեմն աներեւոյթ դարձնում բարու եւ չարի սահմանները։ Ամերիկացի հոգեբանը բացայայտում է նաեւ, թէ ինչպէս է, իւրաքանչիւր մարդու մէջ թաքնւած մի փոքրիկ հերոս, որը պարզապէս սպասում է ճիշտ պահին ինքնակամ ոտքի կանգնելու, խօսելու, կամ օգնութեան ձեռք մեկնելու, երբ բոլորը լռում են։
Նոյն գիտափորձի հեղինակը նաեւ շեշտում է, որ չարիքի բնոյթը յաճախ արտայայտւում է ոչ թէ պարզապէս դաժանութեամբ, այլ անգործութեամբ։ Կան մարդիկ, օրինակ, ինչպէս Սթենֆորդի բանտի պահակները կամ Աբու Ղորայբ բանտում գործող զինւորները, երբ չար արարքներին մասնակցել են կամ լռել, չմիջամտելով, եւ այդպէս դառնալով դրանց իրագործման մեղսակից։ Այն դարձել է նրանց յանցանքի մասնակից, որտեղ հարց է առաջանում՝ արդեօք դա չի՞ նշանակում, որ պատճառը հերոսական հոգու բթացումն է:
Ֆիլիպ Զիմբարդօն, սակայն, միեւնոյն ժամանակ, նշում է, որ թէեւ, իւրաքանչիւր մարդու մէջ առկայ է հերոս դառնալու ներուժ, բայց պէտք է որոշել գործել նոյնիսկ այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են վտանգ ներկայացնել։ Կարելի է նաեւ յիշել Լիտւայում ժամանակի Ճապոնիայի հիւպատոս Չիունէ Սուգիհարային, ով գաղտագողի ստորագրել է աւելի քան 2 հազար տարանցիկ վիզա, փրկելով փախստականների կեանքեր, որոնք փորձել էին խուսափել եւ փախչել նացիստներից։ Սուգիհարային, իհարկէ, հետագայում ազատում են իր պաշտօնից, սակայն նրա արարքը շարունակում է մնալ կարեւոր, փրկելու համար մարդկային կեանքեր։
Մեր հայկական իրականութիւնը եւս լի է նման դրւագներով: Մենք կարող ենք կրկին յիշել այն դեռահաս տղային, ով Արցախի վերջին 44-օրեայ պատերազմում, հակառակ բոլոր սահմանափակումների, կիլոմետրներ մեքենայ վարեց՝ մարտնչելով կեանքի ու մահւան դէմ՝ փրկելու համար իր ընտանիքին։ Նրա հերոսութիւնը իր դեռահաս տարիքում, այնպիսի ճակատագրական պահ է ամրագրել, որը կարելի է ինչ-որ տեղ նոյնացնել հայ ժողովրդի պատմութեան ընթացքում կատարւած տարբեր սխրանքներին՝ երբ ժողովրդի մօտ ներքին էներգիա է հասունանում, գիտակցելով իր պարտքն ու պարտաւորութիւնը, եւ երբ պատրաստ է լինում միանալ ազգային հարցերի համար պայքարին ու խիզախման, անկախ բոլոր դժւարութիւններին ներքին ու արտաքին արգելքներին:
Այս բոլոր պատմութիւնների հիմնական ուղերձը, կարծում եմ, միեւնոյն առանցքի շուրջ են: Առաջինը՝ միջավայրի ազդեցութիւնը, երբ մարդիկ, լինելով բարդ կամ սարսափելի իրավիճակներում, կարող են դիմել չար արարքների՝ ինչպէս Ստենֆորդի գիտափորձի դէպքում, իսկ միւսը՝ այն, որ ինչպէս չարիքի, նոյնպէս էլ հերոսութեան պարագային այն ծագում է հէնց իրավիճակից եւ կատարած ընտրութիւններից։
Այդուհանդերձ, նշանակալի է գիտակցելը, որ անհրաժեշտ է խելամտօրէն փորձել զարգացնել «հերոսական պատկերացումը» (heroic imagination-ը), որի արդիւնքում կարող ենք կուտակել ներքին էներգիա դիմակայել չարիքին, երկչոտութեանն ու դառնալ նաեւ մեր շրջապատի բարոյական յենասիւնը։ Հէնց այդպէս էլ մեկնարկել է ժողովուրդների յիշողութեան ձեւաւորումը, նաեւ մեր ազգային արժեհամակարգը, որը պայքարի վկայութիւն է թշնամանքի եւ անարդարութիւնների դէմ, զուգահեռաբար վայելելով մարդկութեան լաւագույն հերոսութիւնների շողանքը։



